Գտնել այդ չտեսնող հայացքը. պրոդյուսեր Կատյա Ֆիլիպովա

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնում խաղարկային ֆիլմերի մրցույթին ներկայացված ժապավեններից մեկը ռուս ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի 2015 թվականին նկարահանած «Ինսայթ»-ն է:

Ֆիլմի պրոդյուսեր Կատյա Ֆիլիպովայի խոսքով՝ ռեժիսորը առանձնահատուկ վերաբերմունք ունի այս ֆիլմի նկատմամբ.

«Դա պայմանավորված է նրանով, որ սա իր առաջին ինքնուրույն ֆիլմն է եւ՛ սցենարը գրելու, եւ՛ բեմադրելու տեսանկյունից, այսինքն՝ սա ամբողջովին իր հեղինակային աշխատանքն է: Նա ուներ գաղափար եւ դա իրականացրեց, իսկ նախորդ ֆիլմերի դեպքում հիմնականում ստանում էր պատրաստի սցենարներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ֆիլմի պրոդյուսերը, ով նաեւ տեղեկացրեց, որ ֆիլմի նկարահանման ընդհանուր աշխատանքները տեւել են մոտ 1 տարի:

«Դեռ յոթ տարի առաջ երկու էջանոց կոնսպեկտն ուղարկեց ինձ: Այն պարզապես դրված էր իմ սեղանին, եւ հանդիպումների ժամանակ միշտ մտածում էինք, որ կարելի էր ինչ-որ մի բան անել դրանից: Հետո նա գրեց սցենարը, որը ես շատ հավանեցի, եւ սկսեցինք աշխատանքները, սակայն ֆինանսավորումն էլ միանգամից չստացանք: Այդ հարցում ինչ-որ առեղծվածային կերպով մեր բախտը չէր բերում: Ստացանք միայն երրորդ անգամից»,-ասաց Ֆիլիպովան:

Ֆիլմում գլխավոր հերոսը, դժբախտ պատահարից հետո կորցնելով տեսողությունը, ստիպված է լինում կյանքը նորից սկսել մթության մեջ: Ֆիլիպովայի խոսքով՝ այս կերպարը հավաքական է, քանի որ նախքան նկարահանումները ռեժիսորը բավականին հաճախ էր հանդիպում տեսողություն խնդիրներ ունեցող մարդկանց հետ, ովքեր եւ շարժառիթ հանդիսացան ֆիլմի ստեղծման համար:

«Այստեղ շատ կարեւոր է մի բան. տեսողության կորուստը եւ դրա հետ առնչվող երեւույթները դիտարկվում են որպես հետին պլան, քանի որ եթե ցանկություն լիներ գրել մի սցենար տեսողության խնդիր ունեցող մարդու մասին, եւ թե ինչ է լինում նրա հետ տեսողության կորստից հետո, ապա լրիվ այլ ֆիլմ կստացվեր: Եթե մարդ հաղթահարում է այդ դժվարին շրջանը իր բնավորության, հարազատների շնորհիվ, ապա հետագայում նա սկսում է հարմարվել կյանքին: Ցավոք, հաշմանդամություն ունեցող մարդիկ իրենց դրսեւորելու ուղիներ համարյա թե չունեն: Կոնկրետ Ռուսաստանում, հատկապես գյուղական շրջաններում հնարավորությունները շատ քիչ են՝ ի տարբերություն, օրինակ, Մոսկվայի եւ Պետերբուրգի»,-ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է ֆիլմի գլխավոր հերոսների ընտրությանը, պրոդյուսերի խոսքով՝ հատկապես դժվար է եղել ընտրել ֆիլմի գլխավոր հերոս Պավել Զուեւի դերակատարին:

«Նադեժդայի կերպարում նա արդեն որոշել էր, որ պետք է հանդես գա Ագրիպինա Ստեկլովան: Իսկ Պավել Զուեւի կերպարի համար համապատասխան դերասանի բավականին երկար ենք փնտրել, քանի որ շատ դժվար է խաղալ տեսողությունը կորցրած մարդու դերը: Մեզ պետք էր գտնել այդ չտեսնող հայացքը, որպեսզի դերասանը կարողանար ֆիլմը դիտողներին համոզել, որ ինքն իրոք չի տեսնում, եւ դրա համար չեն պահանջվում ինչ-որ հատուկ տեսողական էֆեկտներ»,- նշեց պրոդյուսերը:

Պավել Զուևը, դժբախտ պատահարից հետո կորցնելով տեսողությունը, ստիպված է կյանքը նորից սկսել մթության մեջ: Երիտասարդ տղամարդը պետք է նորից սովորի ուտել, քայլել, ինքնուրույն լողանալ, տան գործերն անել և նույնիսկ պատուհանից նայել առանց որևէ բան տեսնելու: Նախորդ կյանքի հետ բոլոր կապերը խզված են: Նոր կյանքում կույր Զուևը հանդիպում է մի բացառիկ կնոջ, որը կարողանում է ավելին տեսնել, քան ուրիշներն են ունակ: Նրա անունը նշանային է՝ Նադեժդա (թարգմանաբար՝ հույս): Նա աշխատում է տեղի հիվանդանոցում: Նադեժդան օգնում է Զուևին գտնել իր ուժեղ կողմերն ու գոյության իմաստը: Հավասարապես ուժեղ, բայց իրարից տարբեր այս մարդիկ միասին ապրում են իրենց կյանքի լավագույն օրերը... Բայց ամեն ինչ իր ավարտն ունի:

Ֆիլմի գլխավոր հերոսների դերակատարներն են Ագրիպինա Ստեկլովան եւ Ալեքսանդր Յացենկոն:

Ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Կոտտը 1994-2000 թթ. ուսանել է Մոսկվայի Ս. Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ՎԳԻԿ) Վլադիմիր Խոտինենկոյի ղեկավարությամբ: 1997-ին հաջողությամբ ավարտել է Անջեյ Վայդայի դպրոցը (Կրակով): Ֆրանսիական ARTE հեռուստաալիքի հետ համատեղ 1997-ին նկարահանել է «Ճամփորդություն», իսկ 1998-ին՝ «Պարանը» կարճամետրաժ ֆիլմերը: Ներկայումս Ալեքսանդր Կոտտը բնակվում է Մոսկվայում: Ռեժիսորը նկարահանել է «Ճամփորդություն» (1997, կ/մ), «Պարանը» (1998, կ/մ), «Լուսանկարիչը» (1998, կ/մ), «Խրտվիլակ» (2000, կ/մ), «Երկու վարորդ էին գնում» (2002), «Հսկան» (2003, կ/մ), «Ձուկ» (2008, կ/մ), «Խցանում» (2009), «Ես քեզ ցույց կտամ Մոսկվան» (2009), «Բրեստի ամրոցը» (2010), «Փորձություն» (2014), «Տոնածառեր» 1914 (2014), «Ինսայթ» (2015) ֆիլմերը:

Հայերեն

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս