Մերձավոր Արևելք

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

2 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Իսրայելի պաշտպանության բանակի պնդմամբ՝ ՀԱՄԱՍ-ը չի կատարում  հրադադարի համաձայնագրով պատանդների անվանական ցուցակների տրամադրումը, ուստի Իսրայելը կշարունակի հարվածել Գազային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է The Times of Israel-ը, այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին՝ հայտնելով, որ իսրայելացի  զինվորականները շարունակում են հարվածներ հասցնել Գազայի հատվածին, քանի որ ՀԱՄԱՍ-ը չի պահպանում հրադադարի համաձայնագիրը։

«Այսօր, առավոտվա դրությամբ ՀԱՄԱՍ-ը չի կատարում իր պարտավորությունները և, հակառակ պայմանավորվածության, Իսրայելին չի տվել պատանդների անունները»,- ասել է նա:

Ըստ խոսնակի՝ Իսրայելի վարչապետի հրահանգով հրադադարը ուժի մեջ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի կատարի իր պարտավորությունները։ 

Ենթադրվում էր, որ հրադադարը Գազայի հատվածում ուժի մեջ կմտնի կիրակի առավոտյան ժամը 08:30-ին՝ որպես պատանդներին ազատելու գործարքի մի մաս, որը ներառում էր նաև մահացած իսրայելացիների մարմինները: 

Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ ՀԱՄԱՍ-ը տեխնիկական պատճառներով հետաձգում է Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի շրջանակներում ազատ արձակվելիք պատանդների ցուցակի փոխանցումը։ Այնուհետև՝ վարչապետ Բենիամին  Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայում հրադադար չի սկսվի այնքան ժամանակ, քանի դեռ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի հանձնել պատանդների ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում