Աթենքում Թուրքիայի դեսպանության տարածքում կազմակերպվել է բողոքի ցույց
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աթենքում Թուրքիայի դեսպանության տարածքում կազմակերպվել է բողոքի ցույց: «Արմենպրես»- ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Հունաստանի հայ երիտասարդների ֆեդերացիայի (Armenian Youth Federation of Greece) ֆեյսբուքյան էջը: Ըստ հրապարակած նյութերի` ցույցի մասնակիցներն իրենց հետ են վերցրել բազմաթիվ հայկական դրոշներ, ինչպես նաև ''Recognize'' (Ճանաչում) գրառմամբ պաստառներ:
Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են տեղի ունենում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչելու 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը, ըստ միջազգային իրավունքի, որպես ցեղասպանություն պաշտոնապես քննադատել եւ ճանաչել են հետեւյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան, Ավստրալիա, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, նաև ԱՄՆ 44 նահանգներ: