Քաղաքականություն

Իլհամ Ալիևը պետք է պատասխանատվություն կրի միջազգային դատարանում. Ազիզ Թամոյան

4 րոպեի ընթերցում

Իլհամ Ալիևը պետք է պատասխանատվություն կրի միջազգային դատարանում. Ազիզ Թամոյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը բավարար չի համարում միջազգային հանրության ջանքերը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու ուղղությամբ: Հայոց ցեղասպանության հուշահամալիրում «Արմենպրես»-ի հետ զրույցում նա նշեց, որ Հայոց ցեղասպանության իրականացման համար Թուրքիայի անպատժելիությունն աշխարհում իրականացվող նոր ցեղասպանությունների խթան է:

«Դեռ 2014 թվականին, երբ իսլամիստները հարձակվեցին Սիրիայում և Իրաքում բնակվող ազգային փոքրամասնությունների վրա, մենք այդ պահից միջազգային հանրությանը բազմաթիվ կոչեր ենք հղել, որպեսզի այդ արատավոր երևույթներին վերջ դնեն: Միջազգային հանրությունն արձագանքում էր, բայց դա շատ թույլ էր: Հստակ գործողություններ չեն ձեռնարկվել հանցագործությունը կանխելու համար»,-նշեց նա:

Հայաստանի եզդիների միության նախագահն անդրադարձավ նաև վերջին օրերին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիային: Նրա խոսքով` միջազգային հանրությունը համարժեք չի արձագանքել Ադրբեջանի վայրագություններին:

«Արցախում իրականացրած վայրագությունների, քաղաքացիական բնակչության վրա հարձակումների համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է պատասխանատվություն կրի միջազգային դատարանում, որովհետև նրա կատարածն անմարդկային արարք էր: Այդ անձնավորությունը գիշատիչ է և մարդակեր, դրա համար նրան պետք է միջազգային քրեական դատարանում մահապատժի դատապարտել: Իսկ միջազգային հանրությունն ընդամենը կոչեր է հնչեցնում և դրանով բավարարվում, բայց միայն բառերով հնարավոր չէ կասեցնել ագրեսորին: Հարկավոր են հստակ գործողություններ»,-նշեց նա:

Ազիզ Թամոյանը հավելեց, որ Արդբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով հինգ եզդի զինծառայողներ են զոհվել, ովքեր հայ զինծառայողների հետ պաշտպանել են հայկական հողը: Նա վստահեցրեց, որ եզդիները կանգնած են հայ ժողովրդի կողքին և նրա հետ միասին պայքարելու են Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովելու և հայկական հողերը պաշտպանելու համար:

Ապրիլի 24-ին հիշատակի արարողություններ են տեղի ունենում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչելու 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը եւ այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել եւ, ըստ միջազգային իրավունքի, որպես ցեղասպանություն ճանաչել են հետեւյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Կանադա, Վատիկան, Ավստրալիա, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, նաև ԱՄՆ 44 նահանգներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում