Ղարաբաղյան հիմնահարց

Հայաստանի ասորական համայնքը դատապարտել է Ադրբեջանի ոտնձգությունները ԼՂ-ում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ասորական համայնքը դատապարտել է Ադրբեջանի ոտնձգությունները ԼՂ-ում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ասորական համայնքը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան խստորեն դատապարտող հայտարարություն է տարածել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի «Աթուռ» ասորական ասոցիացիայից:

«Հայաստանի ասորական համայնքը դատապարտում է Ադրբեջանի ոտնձգությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները շփման գծում»,- ասվում է հայտարարության մեջ:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:

Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորսվիրավոր քաղաքացիական անձ: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակչի:

Հայկական կողմը 20 կորուստ ունի, 26 զինծառայող անհայտ կորած է, 72 մարդ` վիրավոր: Հինգ մարդ էլ, այդ թվում` ՀՀ Սյունիքի մարզի գյուղական երկու համայնքի ղեկավար, զոհվել է ավտոբուսի ռմբահարումից` Մարտակերտի ճանապարհին:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1- 4-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է մոտ 300 կորուստ, ոչնչացվել է 29 տանկ , 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում