4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ փոխանախագահ Ջո Բայդենը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին գրառում է արել twitter-ում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ուղղված ուղերձով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԱՄՆ փոխնախագահը գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:
«Նախագահներ Ալիևին և Սարգսյանին ասել եմ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համակողմանի կարգավորումը ծայրահեղ կարևոր է այդ երկրների կայունության, անվտանգության և բարգավաճման համար»,- նշված է գրառման մեջ:
As I told Presidents Aliyev & Sargsyan, comprehensive settlement in #NagornoKarabakh is critical for their stability, security, prosperity.
— Vice President Biden (@VP) April 4, 2016
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:
Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանային կերպով գնդակահարել են երեք խաղաղ բնակչի, որոնք չէին հասցրել տարհանվել: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1-ից 4-ը օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-300 կորուստ: Շարքից հանվել է ընդհանուր առմամբ թշնամական մոտ 20 տանկ, մեկ «Գրադ»կայանք:
Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած,հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին:
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ադրբեջանական կողմը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը: Առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: Ադրբեջանական բանակը կիրառել է 152 միլիմետրանոց հրանոթներ, «Գրադ» կայանքներ և տանկեր:
Ապրիլի 4-ի դրությամբ հակառակորդի կորուստներ. տեխնիկա` 18 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 6 անօդաչու սարք, 1 ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարության գնահատմամբ՝ հակառակորդի զոհերի թիվը 300-ից ավելի է: Վիրավորների թիվը ճշգրտման ենթակա է:
Հայկական կողմի կորուստներ. տեխնիկա` 7 տանկ: Անձնակազմի կորուսներ` 20 զոհ, 6-ը սպաներ և ենթասաներ են, 72 վիրավոր՝ 8-ը սպաներ և ենթասպաներ են: Քաղաքացիական անձանց զոհերի թիվը 4-ն է, նրանցից մեկը երեխա է: