Հայաստանի քրդական համայնքը պատրաստ է սատար կանգնել հայ ժողովրդին. Կնյազ Հասանով
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քրդական համայնքը դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչությունները Ղարաբաղի նկատմամբ և կոչ է անում Ադրբեջանի ղեկավարությանը դադարեցնել անիմաստ գործողությունները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը:
«Մեր քրդական համայնքին կոչ եմ անում սատար կանգնել հայ ժողովրդին և մասնակցել Ղարաբաղյան պատերազմին: Մեր համայնքը կանգնած է եղել ղարաբաղյան շարժման ակունքներում, և այսօր էլ պատրաստ է մասնակցելու, օգուտ բերելու արդար պայքարին»,-նշեց Կնյազ Հասանովը:
Քուրդ ժողովրդի դեմ պատերազմ սկսած և ցեղասպանություն կատարող Էրդողանի խորհրդով Ադրբեջանի ղեկավարությունը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Ղարաբաղի սահմանի ամբողջ երկայնքով:
Ղարաբաղն Ադրբեջանի համար միայն տարածք է, իսկ Ղարաբաղի հայերի համար իրենց հողն ու հայրենիքն է: Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ազատ ու անկախ ապրել իր հողի վրա:
Ես երկու տարի առաջ Ղարաբաղում էի, և այնտեղի երեխաները, որոնք Ղարաբաղի անկախ պետության մեջ ապրում են 25 տարի, չեն կարող նորից ապրել Ադրբեջանի կազմում: Մենք դատապատարտում ենք Ադրբեջանի ահաբեկչությունները Ղարաբաղի նկատմամբ և Ադրբեջանի ղեկավարությանը կոչ ենք անում դադարեցնել անիմաստ պատերազմը հայ ժողովրդի դեմ»,-ասաց Կնյազ Հասանովը:
Հայաստանի քրդական համայնքի ղեկավարի խոսքով`իրենք միջազգային հանրությանը կոչ են անում միջամտել և դադարեցնել ռազմական գործողությունները: Միաժամանակ Կնյազ Հասանովը հավելեց, որ քրդական համայնքը պատրաստ է սատար կանգնել հայ ժողովրդին:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանային կերպով գնդակահարել են երեք խաղաղ բնակչի, որոնք չէին հասցրել տարհանվել: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200-300 կորուստ: Շարքից հանվել է, ընդհանուր առմամբ, թշնամական 18 տանկ, մեկ «Գրադ» կայանք: Հայկական կողմն ունի 18 զոհ և մոտ 37 վիրավոր: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3-ին՝ ժամը 06:00-ից սկսած, հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունները: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: