ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Մրցումային վերջին օրը լավագույններին են պարզել 105 կգ և 105+ կգ քաշային ծանրորդները: 105 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Արտյոմ Պետրոսյանը, ով բարձրացրեց 337 կգ: 105+ կգ քաշային կարգում ուժեղագույնը Ռուբեն Ալեքսանյանն էր, ով գլխավերեւում պահել է 417 կգ ծանրաձողը:
«Արդյունքերից գոհ եմ, մարզիկները բավական լավ են պատրաստված: Ամենակարեւորը, առաջնությունն անցավ առանց վնասվածքների: Այժմ արդեն պարզ է, թե որ մարզիկները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Եթե մասնակիցները Հայաստանի առաջնությունում ցուցադրած արդյունքները կրկնեն, վստահ եմ, մեդալներով կվերադառնանք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ թեեւ որոշ քաշային կարգերում մարզիկները դեռեւս քաշի նվազեցման խնդիր ունեն, այդուհանդերձ հավաքականի կազմը արդեն պարզ է: Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայանա հետեւյալ կազմում. 56 կգ քաշային կարգում Սմբատ Մարգարյան, 69 կգ քաշային կարգում Վանիկ Ավետիսյան, 77 քաշային կարգում կունենանք 2 մարզիկ՝ Անդրանիկ Կարապետյան, Տիգրան Մարտիրոսյան, 85 քաշային կարգում՝ Առաքել Միրզոյան եւ Աղասի Աղասյան, 105 քաշային կարգում՝ Սիմոն Մարտիրոսյան, 2 ծանր քաշայիններ Ռուբեն Ալեքսանյան եւ Գոռ Մինասյան: