Կաթողիկոսը 6 մետր բարձրության վրա, Սրբալույս Մյուռոնով ու «Ամեն Ալելույա» հնչյունների ներքո օծեց խաչքարերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում այսուհետ վեր են խոյանում 6 մետր բարձրությամբ և 12 տոննա կշռող հրաշագեղ խաչքարեր: Դրանք Դերջանի Ապարանից վանքի խաչքարերի նմանօրինակներն են, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 28-ին կայացավ խաչաքարերի բացման և օծման հանդիսավոր արարողությունը` Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ: Վեհափառ Հայրապետը վերամբարձ կռունկի օգնությամբ գետնից մոտ 6 մետր բարձրության վրա խաչքարերն օծեց Սրբալույս Մյուռոնով «Ամեն Ալելույա» հնչյունների ներքո: Խաչքարերը կանգնեցվել են բարերարությամբ Հակոբ և Դոննա Տիտիզյանների, իսկ կերտողը ժողովրդական վարպետ, խաչքարագործ Լյուդվիգ Ղազարյանն է: Հակոբ Տիտիզյանի խոսքով` խաչքարերի` հայկական մշակույթի անբաժանելի մասնիկը հանդիսացող նմուշերի նկատմամբ սերն իր մոտ առաջացավ 1999 թվականին, երբ խաչքարեր պատկերող լուսանկարներ տեսավ: Այնուհետև, երբ Վեհափառ Հայրապետից իմացավ այս խաչքարերի ստեղծման գաղափարի մասին, ցանկություն հայտնեց լինել դրանց ստեղծման հովանավորը: Հակոբ Տիտիզյանը հատուկ շնորհակալություն հայտնեց խաչքարագործներին, ովքեր կարողացան իրենց վարպետությամբ կյանքի կոչել մանրակրկիտ աշխատանք պահանջող հուշարձանների կերտումը: Մոտ 40 տարվա խաչքարագործության փորձ ունեցող Լյուդվիգ Ղազարյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ խաչքարերը իրենց չափերով նմանը չունեն աշխարհում:

«Յուրաքանչյուրը մեկական կտոր քարից է պատրաստված, այն համարվում է աշխարհի ամենաերկար խաչքարը»,-ասաց քանդակագործը: Նրա խոսքով` բարդ ու ռիսկային աշխատանքը կատարել են Աստծո կամոք: Խաչքարերի կերտումը տևել է մոտ մեկ տարի, աշխատել են 7 հոգանոց խմբով: Իսկ թե ինչպես են կարողացել այդքան մեծ քարերը տեղավորել արհեստանոցում, պարզապես, դրանց շուրջը նոր աշխատավայր են ստեղծել, փայտե ծածկ պատրաստել ու ողջ ձմռանն աշխատել, որպեսզի այս օրերին այն արդեն հանձնեն հանրության դատին: Խաչքարերի ստեղծման գործում փորձել են հավատարիմ մնալ բնօրինակներին` զերծ մնալով ստեղծագործական իմպրովիզացիաներից: Հայոց ցեղասպանության օրերին ու հետագա տարիներին Արևմտյան Հայաստանում հազարավոր պատմամշակութային հուշարձաններ են ոչնչացվել ու խոնարհվել: Աստվածային նախախնամությամբ Դերջանի Ապարանից վանքի երկնասլաց խաչքարերն անտես են մնացել եռեղնագործներից, գրեթե անխաթար պահպանվել են մինչ օրս: Խաչքարային արվեստի բացառիկ այս երկու նմուշներով համալրվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խաչքարերի հավաքածուն, որոնք հայ ուխտավորին և օտարազգի այցելունին պիտի պատմեն հայ ժողովրդի փառավոր մշակույթի, ցեղասպանության ահավոր ոճրի, հայոց ներկա վերածննդի և գալիք վերազարթոնքի մասին:

Հայերեն