Իրավունք

Ոստիկանության գվարդիայի ծառայողները բացահայտել են շուրջ 600 հանցագործության դեպք

3 րոպեի ընթերցում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները բացահայտել են շուրջ 600 հանցագործության դեպք

2026 թվականի առաջին կիսամյակում Ոստիկանության գվարդիայի ծառայողները հայտնաբերել և բացահայտել են հանցագործության շուրջ 600 դեպք։ Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող զենք-զինամթերք։ Արդյունք են տվել նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումները․ հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող անձինք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ 

Գրանցված ցուցանիշները ոչ միայն կանխված ու բացահայտված հանցագործությունների, այլև փրկված կյանքերի մասին են։ Հաշվետու ժամանակահատվածում Գվարդիայի ծառայողների արագ արձագանքի և ճիշտ գործողությունների շնորհիվ կանխվել են ինքնասպանության դեպքեր։

Հրահանգավորումն ավարտված է, երթուղին՝ սահմանված։ Ոստիկանության գվարդիայի շրջիկ կարգախմբերը դուրս են գալիս երթուղիներ։ Նրանց աշխատանքը միայն հասարակական կարգի պահպանմամբ չի սահմանափակվում․ ծառայողների զգոնության և օպերատիվ արձագանքի արդյունքում կանխվում, հայտնաբերվում և բացահայտվում են հանցագործություններ։

«Ոստիկանության գվարդիան, բացի օբյեկտների պահպանությունից, իրականացնում է նաև հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ծառայություն: Հասարակական կարգի պահպանության ծառայություն իրականացնող ոստիկանները ծառայության դուրս գալուց առաջ կոնկրետ հանձնարարականներ են ստանում երթուղիներում կարևոր նշանակության օբյեկտների, առևտրային կենտրոնների և հանցագործությունների դեպքերի վերաբերյալ»,-նշել է ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման վարչության պետ Արման Ասլանյանը։

Ծառայողները մշտապես քաղաքացու կողքին են՝ պատրաստ ցուցաբերելու անհրաժեշտ օգնություն։ Վերջին օրերին արձանագրված դեպքը այս մոտեցման հերթական վկայությունն է։ Ոստիկանության գվարդիայի ծառայողը քաղաքացուն էր հանձնել կորցրած 3600 դոլարը։

Ոստիկանության գվարդիան 24/7 ռեժիմով շարունակում է ծառայությունը՝ հանրային անվտանգությունն ապահովելու, հանցավորության դեմ պայքարելու և անհրաժեշտ պահին քաղաքացու կողքին լինելու հանձնառությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում