Հայաստան

ՀՀ ՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության ենթակա ծառայությունների, Փրկարար ծառայության ղեկավար կազմի, ինչպես նաև Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արփինե Սարգսյանը շեշտել է Հայաստանի համար նման նշանակալի միջոցառման ընթացքում հանրային անվտանգությունը պատշաճ կերպով ապահովելու կարևորությունը։ 

ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանն ու Փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը նախարարին զեկուցել են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ ստորաբաժանումների կողմից իրականացված և ընթացիկ միջոցառումների մասին։

Ծառայությունների ղեկավարները ներկայացրել են համաժողովի անցկացման վայրերում, հիմնական երթուղիներում և հարակից տարածքներում անվտանգության ապահովման, հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության կազմակերպման, ինչպես նաև հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Քննարկվել են ՆԳՆ ստորաբաժանումների ծառայության պատշաճ կազմակերպման, անձնակազմի կառավարման ու փոխգործակցության վերաբերյալ հարցեր։ 

Նախարարը ցուցումներ է տվել հասարակական կարգի պահպանման, անվտանգության ապահովման, ինչպես նաև Փրկարար ծառայության աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ։

Միևնույն ժամանակ Արփինե Սարգսյանը հանձնարարել է ճանապարհային երթևեկության սահմանափակումների վերաբերյալ ապահովել հանրության պատշաճ իրազեկումը, շարունակել մշտական կապը COP17-ի շրջանակում անվտանգության ապահովման հարցերով պատասխանատուների հետ և պարբերաբար զեկուցել անվտանգային միջոցառումների ընթացքի վերաբերյալ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում