Եվրոպա

Կանադան ԵՄ-ի հետ բանակցություններ կսկսի տնտեսական և անվտանգության կապերի ամրապնդման շուրջ

2 րոպեի ընթերցում

Կանադան ԵՄ-ի հետ բանակցություններ կսկսի տնտեսական և անվտանգության կապերի ամրապնդման շուրջ

Կանադայի իշխանությունները մտադիր են աշնանը բանակցություններ սկսել Եվրամիության հետ՝ տնտեսության և անվտանգության ոլորտներում գործընկերային կապերի ամրապնդման շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, որի ելույթի տեսանյութը տարածել է Hook Global լրատվական ցանցը։

«Այս աշնանը մենք ակտիվ բանակցություններ կսկսենք Եվրամիության՝ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության հետ՝  տնտեսության և անվտանգության բնագավառներում մեր գործընկերային կապերի ամրապնդման շուրջ», - հայտարարել է Կանադայի վարչապետը Քվեբեկի նահանգում ունեցած ելույթի ժամանակ։

Քարնիի խոսքով՝ կանադական ընկերություններն «ունեն դեպի 1,5 միլիարդ սպառողներ անմաքս հասանելիություն»։

 «Առաջիկա կես տարում մենք ակնկալում ենք կրկնապատկել այս թիվը՝ ԱՍԵԱՆ-ի (խմբ.՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) երկրների և Հնդկաստանի հետ նոր առևտրային գործարքների միջոցով», - նշել է Քարնին։

Նրա խոսքով՝ Կանադան վստահելի և հուսալի գործընկեր է և ունի այն, ինչ պետք է աշխարհին։

Քարնին այս հայտարարությունն արել է Կանադայի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմի սրման ֆոնին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 24-ին Truth Social-ում գրառման մեջ հայտարարել է, որ 2027 թ. հունվարի 1-ից կանադական մեքենաների, բեռնատարների, ավտոպահեստամասերի և պողպատի նկատմամբ մաքսատուրքերը կբարձրանան մինչև 50 տոկոս: Թրամփի խոսքով՝ Կանադայի նկատմամբ այլևս չի լինի այնպիսի վերաբերմունք, ասես այն ԱՄՆ-ի նահանգներից մեկն է:

Վարչապետ Մարկ Քարնին իր հերթին հայտարարել է, որ սեպտեմբերի 8-ից պատասխան մաքսատուրքեր կսահմանի ամերիկյան ապրանքների, այդ թվում՝ պողպատի, կաթնամթերքի, կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի նկատմամբ:

ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային բանակցությունները վերջին պահին ձախողվել են, և Վաշինգտոնն օգոստոսի 22-ից 50 տոկոս մաքսատուրքեր է սահմանել մոտ 20 միլիարդ դոլար արժողությամբ կանադական ապրանքների նկատմամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում