Արդարադատության ակադեմիան գործարկեց իր պաշտոնական կայքէջը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Արդարադատության ակադեմիայում սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ Արդարադատության ակադեմիայի կայքէջի(www.justiceacademy.am) բացման հանդիսավոր արարողությունը:

«Արդարադատության ակադեմիայի կայքէջը մշակվել է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» Եվրամիության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակներում: Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, թե 21-րդ դարում ինչպիսի կարևորություն ունեն կայքերը: Այդ պատճառով ես համոզված եմ, որ այս առաջընթաց քայլը կնպաստի, որ այս կայքէջը իր շահառուներին տրամադրի դատավորների և դատախազների միջև հաղորդակցության ամրապնդման համար առավել մեծ հնարավորություններ և Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման դասընթացների իրականացման առցանց հարթակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնեց Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

«Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» ծրագիրը մինչև 2016 թվականի մայիսը Արդարադատության նախարարությանը, դատական իշխանությանը, Արդարադատության ակադեմիային և Փաստաբանական դպրոցին տրամադրելու է իրավական ակտերի մշակմանն, ինչպես նաև այս կառույցների ինստիտուցիոնալ և կարողությունների զարգացմանն ուղղված աջակցություն. Արդարադատության ակադեմիայի կայքէջի բացումը այդ ծրագրի բաղադրիչներից մեկն է:

Հայաստանի Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը նկատեց, որ պաշտոնական կայքէջը նախևառաջ ապահովելու է ակադեմիայի գործունեության հրապարակայնությունը: «Մեր կայքէջի գործարկմամբ մեկնարկում է դատավորների և դատախազների հեռաուսուցման եղանակով վերապատրաստման դասընթացը, որը մենք իրականացրեցինք մեր գործընկերների օգնությամբ: Մենք հետագայում անպայման զարգացնելու ենք այս ուղղությունը` հաշվի առնելով նաև այն արդյունքները, որը մենք կունենանք այս ծրագրի առաջին դասընթացների արդյունքում` մոտավորապես ընթացիկ տարվա դեկտեմբերին»,-շեշտեց նա:

Արդարադատության ակադեմիայի կայքէջի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամներ` ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը և ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության անդամ ու «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» ծրագրի ղեկավար Դավիթ Ավագյանը:

Իր հերթին Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման վարչության պետ Արտաշես Խուրշուդյանը, ներկայացնելով կայքէջի կառուցվածքն, ընդգծեց, որ դատավորների և դատախազների հեռաուսուցման եղանակով վերապատրաստման դասընթացը իրականացվելու է կայքէջի «Հեռաուսուցում» բաժնի միջոցով , որտեղ առկա են «Ժամանակի և սթրեսի կառավարում» և «Փաստարկում և հռետորիկա» դասընթացի նյութերը: «Յուրաքանչյուր դասընթաց բաղկացած է տասը դասերից: Մեր ակադեմիան մշակել է հեռաուսուցման իր ուրույն մեթոդոլոգիան, որն առանձնանում է իր մատչելիությամբ, և, ունենալով համակարգչային տարրական գիտելիքներ, վերապատրաստվողները կարող են արդյունավետորեն մասնակցել հեռաուսուցման դասընթացներին»,- հայտնեց նա` հավելելով, որ «Հեռաուսուցում» բաժնում առկա են նաև մոտիվացնող ներածական տեսանյութեր:

Արդարադատության ակադեմիան հիմնադրվել է ՀՀ Կառավարության 2013թ. սեպտեմբերի 13-ի N990-Ա որոշմամբ ևՀՀ Նախագահի կողմից հաստատված իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի շրջանակում: Ակադեմիայի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Հիմնադրի անունից հանդես եկող պետական լիազոր մարմինը Արդարադատության նախարարությունն է: Արդարադատության ակադեմիայի գործունեության կանոնակարգման համար 2013թ. մայիսի 2-ին ընդունվել է «Արդարադատության ակադեմիայի մասին»ՀՀ օրենք, ըստ որի Ակադեմիային է վերապահված դատական և դատախազական համակարգերի համար կադրերի պատրաստման և վերապատրաստման գործառույթները:

Արդարադատության ակադեմիան իր բուն գործունեությունը սկսել է 2014թ. հունվարի 1-ից:

Հայերեն

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Հայ ուսանողների հաջողությունը Կասաբլանկայում. «Շերտավոր սկյուռների լաբիրինթոսը»՝ միջազգային մրցանակակիր

Շինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր խախտումների դեպքեր

«Գարեջրի օրեր» փառատոն․ ծրագրերն ու առաջիկա անելիքները

Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին

Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը

ԿԳՄՍՆ-ն հայտարարում է նախադպրոցական հաստատության մանկավարժական աշխատողներին վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններն ամբողջությամբ կարգավորվել են

Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել