Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը Տաջիկստանի Նախագահին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը Տաջիկստանի Նախագահին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան

ԴՈՒՇԱՆԲԵ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ՀՈՎԱՐ:ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 14-ին Դուշանբեում հանդիպել է Տաջիկստանի Նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Տաջիկստանի «Հովար» ազգային լրատվական գործակալությունը, երկու բարեկամ երկրների նախագահները կարծիքներ են փոխանակել բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության ընդլայնման հարցերի վերաբերյալ:

Էմոմալի Ռահմոնը, ողջունելով Սերժ Սարգսյանի ժամանումը Տաջիկստան, վստահություն է հայտնել, որ ՀՀ Նախագահի այցը լուրջ լիցք կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Իր հերթին, ՀՀ Նախագահը, ընդգծել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Տաջիկստանի նախագահության բարձր մակարդակը և նշել. «Մենք տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների շրջանակներում անցկացնում ենք բազմաթիվ հանդիպումներ, զրույցներ և եկել է ժամանակը, որպեսզի կատարենք պաշտոնական այցեր և ձգտենք մեր ձեռք պայմանավորվածությունների իրականացմանը»:

Այդ կապակցությամբ Սերժ Սարգսյանն Էմոմալի Ռահմոնին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան: Նշվել է, որ Տաջիկստանի և Հայաստանի միջև ներկայիս դրությամբ ստորագրվել է ավելի քան 20 փաստաթուղթ, այդ թվում` առևտրի, տնտեսության, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության կազմակերպման և ընդլայնման վերաբերյալ:

Կայացել է կառուցողական զրույց Տաջիկստանի և Հայաստանի միջև քաղաքականության և անվտանգության ոլորտներում փոխգործակցության վերաբերյալ, այդ թվում` ՄԱԿ-ի, ՀԱՊԿ-ի և այլ տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Լուսանկարը` ria.ru-ի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում