Հասարակական

Կոլումբիայի Արմենիա քաղաքն առաջարկում է Երևանին հաստատել գործընկերային կապեր

3 րոպեի ընթերցում

Կոլումբիայի Արմենիա քաղաքն առաջարկում է Երևանին հաստատել գործընկերային կապեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը հանդիպել է Կոլումբիայի Հանրապետության Կինդիո դեպարտամենտի մայրաքաղաք Արմենիայի քաղաքապետի խորհրդական, քաղաքային խորհրդի անդամ Լուիս Ֆերնանդո Ռամիրեզ Էչեվերիի հետ, ով Երևանում է ճանաչողական այցով, ինչպես նաև Արմենիայի քաղաքապետի անունից Երևանի քաղաքապետարանին համագործակցության առաջարկությունը փոխանցելու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով Արմենիայի քաղաքապետարանի նախաձեռնությունը` Վանո Վարդանյանը քաղաքապետի պատրաստակամությունն է փոխանցել հյուրին՝ առաջարկությունը քննարկելու և դրան ընթացք տալու վերաբերյալ։

«Երևանն այսօր համագործակցում է աշխարհի 50-ից ավելի քաղաքների հետ, անդամակցում է շուրջ 10 միջազգային կազմակերպությունների։ Ուրախ ենք մեր հանրապետությանը անվանակից քաղաքից գործընկերության առաջարկ ստանալու համար։ Երևանի քաղաքապետարանը բաց ու պատրաստակամ է` քննարկելու նոր համագործակցության այս առաջարկությունը ևս, և լիահույս ենք, որ այն լավ հիմքերի վրա կդրվի՝ զարգանալու հեռանկարով»,- նշել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականը։

Կողմերը զրուցել են երկու քաղաքների քաղաքային տնտեսությունների կառուցվածքների, զարգացման առաջնահերթ ուղղությունների մասին։

Արմենիա քաղաքի քաղաքապետի խորհրդական Լուիս Ֆերնանդո Ռամիրեզ Էչեվերին Վանո Վարդանյանին է ներկայացրել Արմենիայի հիմնադրման պատմությունը, քաղաքային տնտեսության առանձնահատկությունները՝ նշելով, որ Արմենիայում այսօր թեև չկա հայկական համայնք, այդուհանդերձ մեծ է համագործակցություն սկսելու ցանկությունը։

Արմենիա քաղաքն անվանումն ստացել է 1880 թ. տեղաբնակ հայերից մեկի կալվածքի անունից և վերջնականապես կոչվել է «Արմենիա» 1915 թ. հայերի ցեղասպանությունից անմիջապես հետո։ Լուիս Ֆերնանդո Ռամիրեզ Էչեվերին նշել է նաև, որ Արմենիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ին քաղաքում հայտարարվում է լռության րոպե։

Խոսելով 100-ամյա քաղաքի զարգացման տեմպերի մասին՝ Լուիս Ֆերնանդո Ռամիրեզ Էչեվերին նշել է, որ Արմենիան Կոլումբիայի սուրճի արտադրության կենտրոններից է և սրընթաց զարգացման շնորհիվ կրում է «Հրաշքների քաղաք» երկրորդ անվանումը, ինչի շնորհիվ էլ զբոսաշրջային ոլորտում մեծ հաջողություններ ունի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում