Երևանի Արզումանյան փողոցի 10 և 17 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն
1 րոպեի ընթերցում

Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Արզումանյան փողոցի 10 և 17 հասցեներում գտնվող չորրորդ կարգի վթարային շենքերի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցն ընդգրկված էր Երևանի ավագանու հունիսի 23-ին նիստի օրակարգում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ շենքերի բնակիչների հետ կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված նախնական համաձայնության արդյունքում որոշվել է բնակիչների վերաբնակեցման համար նրանց տեղափոխել վարձով բնակարաններ՝ վարձը փոխհատուցելու պայմանով։
«Թվում էր, թե խնդիրը շատ արագ լուծում կստանա, բայց եղան անձինք, որոնք, ենթադրում եմ, փորձեցին ավել գումար ստանալ, և դատական բոլոր հնարավոր քաշքշուկներից հետո վերջապես մոտեցել ենք այս շենքերի քանդման գործընթացին։ Կառուցվելիք նոր շենքերում բնակիչները կստանան նոր բնակարաններ»,-ասաց Ավինյանը։