Երևան

Երևանում մեկնարկել են մի շարք մանկապարտեզների նոր շենքերի կառուցման աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել են մի շարք մանկապարտեզների նոր շենքերի կառուցման աշխատանքները

Երևանի մի շարք վարչական շրջաններում մեկնարկել են մանկապարտեզների նոր շենքերի կառուցման աշխատանքներ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի հունիսի 22-ի գործակարգավարական նիստում Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը տեղեկացրել է, որ մասնավորապես Նոր Խարբերդ թաղամասում մեկնարկել են մսուր-մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքները։

«Մանկապարտեզն ունենալու է 6 խումբ։ Տանիքում տեղադրվելու է 20 կիլովատ հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ, արևային ջրատաքացուցիչ, կառուցվելու է նոր կաթսայատուն, տեղադրվելու է ջեռուցման համակարգ։ Շենքն ամբողջությամբ համալրվելու է հակահրդեհային, ջրամատակարարման, ներքին կոյուղու, անձրևաջրերի հեռացման ցանցով, օդափոխության, տեսահսկման համակարգերով»,-ներկայացրել է Թևոսյանը՝ հավելելով, որ բակի բարեկարգման շրջանակներում էլ տարածքը կկանաչապատվի,  կկառուցվեն խաղահրապարակ,  շվաքարան-տաղավարներ, ինչպես նաև կանցկացվի արտաքին լուսավորության ցանց։

Մեկնարկել են նաև Արաբկիր վարչական շրջանի համար  124 և Ավանի մսուր-մանկապարտեզի նոր շենքերի կառուցման աշխատանքները՝ կառուցվել են դրանց հիմքերն ու նկուղների երկաթբետոնե կառուցվածքները, իսկ այժմ իրականացվում է  վերգետնյա հարկերի երկաթբետոնե կոնստրուկցիաների կառուցումը։

Թևոսյանի տեղեկատվությամբ՝ «Կորեայի ձոր»-ի հատվածում էլ մանկապարտեզի նոր կառուցման ու բակի բարեկարգման նախագծահաշվարկային փաստաթղթերի կազմման աշխատանքները շուտով կավարտվեն և կներկայացվեն համապատասխան փորձաքննությունների։

Ավարտական փուլում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի համար 156 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում