ՌԴ մուտքի արգելքը հանվելու է 116 արարատցի քաղաքացուց

3 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Հուլիսի վերջին տասնօրյակի տվյալներով` Արարատի մարզպետարանը մեկ տարվա ընթացքում ՌԴ մուտքի արգելք ունեցող Արարատի մարզի ՀՀ քաղաքացիներից ստացել է 601 դիմում, որոնք ցանկանում են հանել իրենց վրա ունեցած ՌԴ մուտքի արգելքը: Նախորդ տարվա օգոստոսից մինչ հունվարի մեկը դիմում է ներկայացրել 241, իսկ հունվարի 1-ից մինչ օգոստոս` 360 քաղաքացի: Դիմումները ստանում է մարզպետարանը, այնուհետեւ ուղարկվում ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայություն, որից հետո` ՌԴ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանն ասաց, որ 116 քաղաքացու տրվել է դրական պատասխան, 398 քաղաքացու հարցը դեռեւս ընթացքի մեջ է: Մերժվածների թիվը 72 է, դատական կարգով մերժվել է եւս 15 քաղաքացի:

Ընթացք է տրվում այն մարդկանց դիմումներին, որոնք շեշտում են, օրինակ, ընտանիքի անջատված լինելու, ուսումը ՌԴ բուհերում կիսատ թողնելու, ՌԴ-ում բուժումը կամ ընտանիքի տարեց կամ հաշմանդամ անդամի խնամքի կազմակերպման փաստերը: Միրզոյանն ընդգծեց, որ այդ ամենն անհրաժեշտ է ամրագրել փաստերով: Դիմումին պետք է կցել հիմնավորող փաստաթղթեր. ուսանողական տոմս, ՌԴ-ում բուժման անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթուղթ, ընտանիքի՝ ՌԴ քաղաքացի համարվող անդամի եւ նրա անձնագրի պատճենը: Եթե անձը ՌԴ-ի օրենսդրության համապատասխան գրանցված ձեռնարկությունների եւ կազմակերպությունների հիմնադիր է կամ սեփականատեր, դիմումին պետք է կցել նաեւ ՌԴ ձեռնարկությունների ռեգիստրում եւ հարակային մարմիններում հաշվառման փաստաթղթերի պատճեները: Եթե անձն ունի ժամանակավոր բնակության կամ աշխատանքի թույլտվություն` հարկ է կցել նաեւ այդ փաստաթղթերը:

Միզոյանի խոսքով, լինում են դեպքեր, երբ քաղաքացին արդեն ունի դրական պատասխանը, գնում է եւ ետ ուղարկվում սահմանագլխից: Դրա պատճառն այն է, որ բազան է ուշ թարմացվում: Մերժում ստացած առաջին քաղաքացիների համար դեպի ՌԴ մուտքն ազատ կլինի 2016 թվականի հոկտեմբերից:

Բաժնի պետը, անդրադառնալով այն անձանց, ովքեր հայտնվել են այդ իրավիճակում, նշեց, որ նրանց հետ ունեցած զրույցներն ու ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ այդ իրավիճակում են հայտնվել օրենքի եւ ռուսաց լեզվի չիմացության, իրենց փաստաթղթերի հետ անփույթ վերաբերմունքի (այլ անձանց ձեռքում հայտնվելու), որոշ վճարումներ չնչին ժամկետով ուշացնելու պատճառով: «Բացի աշխատատեղ կորցնելու, գումար վաստակելու օրախնդիր հարցից, քիչ չեն նաեւ անհատները, ովքեր շտապում են ՌԴ-ում հայտնվել` այնտեղ եւս մեկ ընտանիք` կին եւ երեխաներ ունենալու պատճառով»,-նկատեց Միրզոյանը:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով