Տարածաշրջանային

Թուրքիայից 7 հազար մարդ է միացել ԻՊ-ին

2 րոպեի ընթերցում

Թուրքիայից 7 հազար մարդ է միացել ԻՊ-ին

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջիհադական խմբերին միանալու համար վերջին երեք տարում Թուրքիայից 10 հազար մարդ է մեկնել Իրաք եւ Սիրիա: Դրանցից 7 հազարն արդեն միացել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Ենի Շաֆաք» թերթում հրապարակած հոդվածում հայտնում է պարբերականի Անկարայի ներկայացուցիչ Աբդուլքադիր Սելվին:

Հոդվածում Սելվին փորձում է պատասխան գտնել այն հարցին, թե «եթե ջիհադի համար թուրքերը մեկնում են Իրաք եւ Սիրիա, ապա ինչու՞ են նրանք վերադառնում Թուրքիա եւ ահաբեկչություններ իրագործում»: Այդ հարցին Սելվին հետեւյալ կերպ է հակադարձում. «Թուրքիայում ԻՊ-ականներ ունենք, բայց ԻՊ-ի վերաբերյալ մասնագետներ չունենք»:

Սելվիի կածիքով` հուլիսի 20-ին Ուրֆայի Սուրուչ քաղաքի մշակույթի կենտրոնի մոտ ահաբեկչական գործողության ժամանակ պայթյունը, որի հետեւանքով 32 մարդ զոհվել, 100-ից ավելի մարդ էլ վիրավորվել էր, պահական չէ, եւ կապված է այն բանի հետ, որ նախօրեին Թուրքիայի իշխանությունը հավանություն է տվել Ինջիրլիք օդային ռազմաբազան ԱՄՆ-ի կողմից ԻՊ-ի դեմ օգտագործելու առաջարկին:

Սելվին ընդգծել է, որ քրդաբնակ Դիարբեքիրում եւ Սուրուչում ահաբեկչական գործողություններն իրագործել են ԻՊ-ի ազգությամբ թուրք մահապարտ ջիհադականներ, եւ շեշտել, որ Ալ Կաիդա եւ ԻՊ ահաբեկչական խմբավորումների ջիհադականները մեծ վնաս են հասցրել իսլամի հեղինակությանը:

«Ենի Շաֆաք»-ի լրագրողը նաեւ զարմանք է հայտնել, որ իր հայրենակից աստվածաբանները, պատմաբանները, սոցիոլոգները եւ համոզմունքի առաջնորդները մինչ այժմ չեն հավաքվել եւ չեն քննարկել ԻՊ-ի էությունն ու նրա կողմից իսլամին հասցված վնասը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում