Պաշտոնական

Հայաստանը կարևորում է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը. ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

Հայաստանը կարևորում է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը. ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գալուստ Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին խորհրդարանում՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ՀՀ Ազգային ժողովի եւ Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի համագործակցությունը, որը տարիների ընթացքում տվել է դրական արդյունքներ: ԱԺ նախագահի խոսքով, Հայաստանը կարեւորում է իր համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ եւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքը:

ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ տիկին Վուտովան կշարունակի Երեւանում ԵԽ գրասենյակի հետեւողական աշխատանքը՝ ուղղված Հայաստան-ԵԽ կապերի հետագա ամրապնդմանը:

Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, կարեւորելով գրասենյակի համագործակցությունը խորհրդարանի հետ, նշել է, որ գրասենյակի հիմնական խնդիրն այս պահին Հայաստանում իրականացվող ծրագրերին աջակցելն է:

Նատալյան Վուտովան կարեւորել է Երեւանում ԵԽ գրասենյակի աշխատանքը Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հետ եւ նշել, որ բոլոր նախապայմանները կան խորհրդարանի հետ համագործակցությունն ընդլայնելու համար: Նա նշել է, որ գրասենյակը հետեւում է իր ներկայացրած փորձագիտական կարծիքների փոխանցմանը, օրենքների նախագծերի ընդունմանը եւ դրանց համապատասխանությանը եվրոպական չափանիշներին: Տիկին Վուտովան տեղեկացրել է, որ այժմ ԵԽ գրասենյակն աշխատում է ՀՀ քրեական, քաղաքացիական օրենսգրքերի մի շարք օրենքների նախագծերի փոփոխման ուղղությամբ՝ նպատակ ունենալով բարձրացնել համագործակցությունն ինստիտուցիոնալ մակարդակում:

Գալուստ Սահակյանը Նատալյա Վուտովային մաղթել է արդյունավետ աշխատանք առաքելության իրականացման ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում