Քաղաքականություն

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն է ԵՄ-ի համար. Դոնալդ Տուսկ

2 րոպեի ընթերցում

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն առաջնահերթություն է  ԵՄ-ի համար. Դոնալդ Տուսկ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը, վերջին բացասական միտումները մտահոգության տեղիք են տալիս Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին: «Այս հակամարտության խաղաղ կարգավորումը առաջնահերթություն է Եվրամիության համար: ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցություններին, որոնք ուղղված են հակամարտության կարգավորմանը: Մենք խրախուսում ենք հետագա երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ամենաբարձր մակարդակով: Շատ կարեւոր է հարգել հրադադարի համաձայնությունը, զսպվածություն դրսեւորել գործողություններում եւ հայտարարություններում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`ասաց Տուսկը`Երևանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հուլիսի 20-22-ը տարածաշրջանային այցով ժամանել է Հարավային Կովկաս: Տուսկի այցը մեկնարկել է Հայաստանից, որտեղ նախատեսված են Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Ի պատիվ Եվրոպական խորհրդի նախագահի այցի՝ Սերժ Սարգսյանի անունից կտրվի աշխատանքային ճաշ, որին կնախորդի Դոնալդ Տուսկի և Սերժ Սարգսյանի համատեղ մամուլի ասուլիսը:Երևանում Տուսկը հանդիպում կունենա նաև ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Նույն օրը երեկոյան Եվրոպական խորհրդի նախագահը կմեկնի Վրաստան, իսկ հուլիսի 22-ին կլինի Ադրբեջանում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում