Սփյուռք

Անթիլիասում Արամ Ա կաթողիկոսը վառել է Համահայկական 6-րդ խաղերի ջահը

3 րոպեի ընթերցում

Անթիլիասում Արամ Ա կաթողիկոսը վառել է Համահայկական 6-րդ խաղերի ջահը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անթիլիասի Սուրբ Նահատակների մատուռում հունիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը հանդիսավորապես վառել է Համահայկական 6-րդ խաղերի ջահը և բարի երթ ու հաջողություն մաղթել կազմակերպիչներին ու մարզիկներին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Ջահավառությանը ներկա էին Միաբան հայրեր, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը և իր գլխավորած պատվիրակությունը, Լիբանանում ՀՀ դեսպանը և այլոք:

Ջահավառությունից հետո Վեհափառ Հայրապետը ողջունել է Հայաստանի և Արցախից այցելող ազգայիններին և ասել. «Այս պահը մարզական տեսանկյունից խորհրդավոր իմաստ և նվիրական նպատակ ունի: Համահայկական խաղերը, որոնց մասնակցում են մարզիկներ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից, մեր ժողովրդի միասնականության ամենից շատ տեսանելի ու շոշափելի արտահայտություններից մեկն է: Մեր ժողովուրդը միշտ միավորված է եղել պատմության ընթացքում` հակառակ պատմության պարտադրանքներին»: Նա նաև նշել է, որ բավական չէ մեր ժողովրդի միասնականության մասին զգացական կերպով արտահայտվել, անհրաժեշտ է այնպիսի միջոցների դիմել, այնպես արտահայտել մեր միասնականությունը, որով կարելի է մեր ժողովրդի ներքին միությունն ավելի ամրապնդել: Համահայկական այս խաղերը մեր ժողովրդի համար մարտահրավեր, կոչ, պատգամ ու հիշեցում են, որպեսզի մենք բոլորս՝ Հայաստան, Ղարաբաղ և Սփյուռք, միասնաբար համահայկական մտածողություն ձևավորենք` նրան տալով խորություն, նպատակ ու արժեք, և համահայկական մտածողությունը դարձնենք մեր մտածողության, գործելակերպին ու կենսակերպին առանցքային մտահոգությունը:

Նա նաև անդրադարձել է Հայաստանի վերջին անցուդարձերին ու իր մտահոգությունն է հայտնել, քանի որ նման դեպքերը մեզ շեղում են մեր համազգային նպատակներից, ու պահնաջներից` հայրենիքի հզորացում, միասնականության ամրապնդում և մեր ազգային պահանջատիրության նոր թափ տալու անհրաժեշտություն: Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի ղեկավարությունը լսի իրեն ընտրած ժողովրդին ու նրա սպասումներն ու կարիքները, իսկ ժողովուրդն իր հերթին լսի իր կողմից ընտրված պատասխանատուների մտահոգությունն ու մոտեցումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում