Քաղաքականություն

Հայաստանը Մինսկի խմբի ուշադրությունը հրավիրում է Ադրբեջանի ապակայունացնող վարքի վրա

3 րոպեի ընթերցում

Հայաստանը Մինսկի խմբի ուշադրությունը հրավիրում է Ադրբեջանի ապակայունացնող վարքի վրա

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ադրբեջանի ԶՈՒ գործելակերպն ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը և հղի է իրադրության կտրուկ ապակայունացման վտանգով, որի ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, միջազգային հանրության, ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմից իրավիճակի սրման ուղղված գործողությունը համընկնում է Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերի ավարտի և Ադրբեջանի ԶՈՒ կազմավորման տարեդարձի հետ, ինչը վերահաստատում է այդ պետության ռազմատենչ քաղաքականության շարունակությունը և միջազգային հանրության կողմից բազմիցս առաջարկված ու Հայաստանի կողմից ընդունված՝ շփման գծում իրավիճակը վերահսկելու, վստահության ամրապնդման ու միջադեպերի հետաքննության մեխանիզմներիանհրաժեշտությունը:

Միաժամանակ, կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված սադրիչ քայլերից և ջանքեր գործադրել Եվրոպական խաղերի ողջ ընթացքում սահմանագծում հաստատված հարաբերական հանգիստ իրավիճակը այսուհետ ևս պահպանելու ուղղությամբ:

Հունիսի 26-ին` ժամը 18:30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով ՀՀ Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի դիրքապահ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի կրակակետերը լռեցվել են: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն, Նախիջևանի առանձին համազորային բանակն ունի զոհեր և վիրավորներ: Դժբախտաբար, փոխհրաձգության ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել նաև ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, շարքային Արման Մայիսի Եփրմյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունն իր ցավակցությունն է հայտնում Արման Եփրեմյանի ընտանիքի անդամներին և հարազատներին և կիսում է ծանր կորստյան վիշտը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում