Դա ճանապարհ է Հայաստանի սուվերեն տարածքով, և որևէ երկիր իրավունք չունի այն միջանցք կոչել. Կարապետյանը՝ TRIPP-ի մասին
2 րոպեի ընթերցում

Հայաստանի տարածքով անցկացվող ցանկացած տրանսպորտային, լոգիստիկ կամ էլեկտրահաղորդման գիծ պետք է գործի Հայաստանի համաձայնությամբ և տնտեսական օգուտ բերի երկրին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով TRIPP նախագծին, դրա վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգոստոսի 11-ին, խոսելով TRIPP նախագծի մասին, կիրառել էր հայկական կողմի համար անընդունելի «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել էր, որ TRIPP-ի շրջանակներում Ադրբեջանի հիմնական մասից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագիծը պատրաստ է։ Նրա պնդմամբ՝ ադրբեջանցի մասնագետների կատարած վերլուծությունների արդյունքում Հայաստանի տարածքում որոշվել են էլեկտրասյուների տեղադրման հնարավոր վայրերը։
Նարեկ Կարապետյանը շեշտել է, որ TRIPP-ը ճանապարհ է Հայաստանի սուվերեն տարածքով, և որևէ երկիր իրավունք չունի այն միջանցք կոչել։
«Եթե ցանկանում են Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծեր անցկացնել, պետք է վճարեն մեզ դրա համար։ Թող վճարեն և անցկացնեն, եթե ցանկանում են։ Մեր երկիրը պետք է դրանից շահի։ Հայաստանի համաձայնությունը ստանալուց հետո պետք է վճարեն»,-ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ այդ սկզբունքը պետք է տարածվի Հայաստանի տարածքով անցկացվող ցանկացած ենթակառուցվածքի վրա։
«Եթե որևէ երկիր՝ հարավից, հյուսիսից, արևելքից կամ արևմուտքից, ցանկանում է Հայաստանի տարածքով որևէ տրանսպորտային, լոգիստիկ կամ էլեկտրահաղորդման գիծ անցկացնել, պետք է դրա համար վճարի մեր պետությանը, մեր ժողովրդին։ Ես տեղյակ եմ միայն Ադրբեջանի նախագահի հայտարարությունից, որ իրենք առաջարկում են՝ տարանցումն իրականացվի Հայաստանով, և սպասում են Հայաստանի ղեկավարության արձագանքին»,- նշեց Նարեկ Կարապետյանը։