Պարագվայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
2 րոպեի ընթերցում

Ռուբեն Ռամիրես Լեսկանոն շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։
«Պատիվ ունեմ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Պարագվայի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից Ձերդ Գերազանցությանը հղելու ջերմ շնորհավորանքներս՝ մաղթելով ամենայն հաջողություն Ձեր բարձր առաքելության իրականացման գործում։ Վերահաստատելով մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդման, երկկողմ համագործակցության խորացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր հնարավորությունների բացահայտման ուղղությամբ համատեղ աշխատելու պատրաստակամությունը՝ խնդրում եմ ընդունել, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»,- ասված է Պարագվայի ԱԳ նախարարի ուղերձում։
Հայաստանի կառավարությունը օգոստոսի 2-ին հրաժարական էր ներկայացրել, քանի որ այդ օրը մեկնարկել էր հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված խորհրդարանի առաջին նստաշրջանը։ Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ նոր խորհրդարանի առաջին նստաշրջանի մեկնարկի օրը ՀՀ կառավարությունը պետք է հրաժարական ներկայացնի ՀՀ նախագահին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 2-ին ստորագրել էր ՀՀ կառավարության հրաժարականի դիմումը, որն ուղարկվել էր ՀՀ նախագահի աշխատակազմ։ Նախագահը հաստատել էր Կառավարության հրաժարականը, որից հետո արդեն նոր ձևավորված խորհրդարանում մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչապետի պաշտոնում ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ինչի հիման վրա էլ ՀՀ նախագահը Փաշինյանին վերանշանակել էր վարչապետի պաշտոնում։
Օգոստոսի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշանակել էր նաև նախարարներին և փոխվարչապետերին։ Արարատ Միրզոյանը վերանշանակվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում։