Քաղաքականություն

Նարեկ Կարապետյանը բացառում է Հայաստանում էներգետիկ ճգնաժամի հնարավորությունը

3 րոպեի ընթերցում

Նարեկ Կարապետյանը բացառում է Հայաստանում էներգետիկ ճգնաժամի հնարավորությունը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, մեկնաբանելով Հայաստանում հնարավոր էներգետիկ ճգնաժամի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ընդգծեց, որ Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու մի քանի հնարավորություն ունի։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կարապետյանը նշեց, որ համապատասխան առաջարկներ ներկայացրել են մեկից ավելի գործընկերներ։ 

«Կան առաջարկներ, որոնց շնորհիվ մենք հնարավորություն ունենք նոր ատոմակայան կառուցելու, ինչի արդյունքում երկիրը կունենա էժան էլեկտրաէներգիա։ Մենք երկու-երեք լավ տարբերակ ունենք, այդ պատճառով կարծում եմ՝ հարևան երկրներն անհանգստանալու բան չունեն։ Մեր երկիրը հաստատ ունի նոր ատոմակայան կառուցելու հնարավորություն։ Մեկից ավելի գործընկերներ առաջարկում են պայմաններ, որոնցով հնարավոր է այն կառուցել»,- ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ ցերեկային ժամերին Հայաստանն էլեկտրաէներգիայի ավելցուկ ունի, ինչը պայմանավորված է նաև արևային էներգետիկայի զարգացմամբ։

«Արևային էներգետիկայի առումով Հայաստանը զարգացած երկրներից է։ Ընդհանրապես, էներգետիկայի ոլորտում Հայաստանում ներդրումները շատ բարձր են եղել։ Կարծում եմ՝ գիտեք, թե որ ընկերության հաշվին են այդ ներդրումներն այսքան բարձր եղել։ Էներգետիկայի մրցակցային ամենաուժեղ ոլորտներից մեկում ակտիվ գործունեություն է ծավալել «Տաշիր» ընկերությունների խումբը, որտեղ ես աշխատել եմ մինչև Ազգային ժողով գալը»,- նշեց նա։

Կարապետյանը հավելեց, որ Հայաստանը կարող է ցերեկային ժամերին արևային էներգիայից ստացվող էլեկտրաէներգիա արտահանել, սակայն գիշերային ժամերին առաջացող խնդիրը լրացուցիչ ջերմային հզորություն է պահանջում։

«Ջերմաէլեկտրակայանները չեն կարող արագ միանալ ցանցին․ նրանց մի քանի ժամ է անհրաժեշտ։ Այդ պատճառով չենք կարող այնպես անել, որ, օրինակ, ժամը 18։00-ին ջերմաէլեկտրակայանն անմիջապես միանա։ Մինչև Ազգային ժողով գալս զբաղվում էի հատուկ ջերմաէլեկտրակայանի ստեղծման ծրագրով, որը կմիանար գիշերային ժամերին։ Ցերեկն արևային էներգիայից ստացվող էլեկտրաէներգիան կարտահանվեր, իսկ գիշերը կմիանար Իրանից ներկրվող գազով աշխատող ջերմաէլեկտրակայանը»,- ասաց Կարապետյանը։

Օգոստոսի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևանում Ադրբեջանի հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայկական ԱԷԿ-ի փակվելուց հետո Հայաստանը կարող է էներգետիկ ճգնաժամի առաջ կանգնել։ Նա նաև պնդել էր, որ Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան նախատեսվող էլեկտրահաղորդման գիծը կարող է էներգիայի լրացուցիչ աղբյուր դառնալ Հայաստանի համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում