Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ
3 րոպեի ընթերցում

Օգոստոսի 12-ին, Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, Գեղարքունիքի մարզի համայնքներում տեղի են ունեցել տարաբնույթ միջոցառումներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից:
Գավառ քաղաքի մշակույթի տանը գործող «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում «60 վայրկյան երիտասարդություն» թեմայի շրջանակներում կայացել է հանդիպում, որի ընթացքում երիտասարդներին հնարավորություն է տրվել՝ արտահայտելու իրենց տեսակետը, ստեղծագործական մոտեցումը և պատմելու իրենց պատմությունը կարճ տեսանյութի միջոցով։
Նույն կենտրոնում անցկացվել է «Ձգտումների պատ» թեմայով հանդիպում-քննարկում, որտեղ երիտասարդներն արտահայտել են իրենց երազանքները, նպատակները, ցանկությունները և ապագայի վերաբերյալ պատկերացումները։
Գավառ քաղաքի մշակույթի տան հարակից տարածքում տեղի է ունեցել հեծանվարշավ։
Մարտունի քաղաքի Ալ․ Մյասնիկյանի անվան հրապարակում կայացել է բացօթյա համերգ։
Ճամբարակ քաղաքում կազմակերպվել է «Մենք կարող ենք միասին» խորագրով արշավ- ուխտագնացություն դեպի Սուրբ Գրիգոր եկեղեցի, որից հետո «ՃամբԱրԵ» Ճամբարակի երիտասարդական համայնքային կենտրոնում կայացել է ֆիլմի դիտում և քննարկում։
Վարդենիս քաղաքի Գառնիկ Կարապետյանի անվան զբոսայգում, համայնքի տարբեր բնակավայրերի երիտասարդների մասնակցությամբ, անցկացվել է քաղաքային քվեստ-մրցույթ, որին հաջորդել է տոնական համերգային ծրագիրը։
Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում երիտասարդների համար կազմակերպվել է քննարկում՝ «Շունչ» թատրոն-«Պատերազմի ցեցը» թեմայի շրջանակներում։
Սևան համայնքի Լճաշեն բնակավայրի մանկական զբոսայգում «Երիտասարդների ձայնը հանուն ապագայի» թեմայի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ բնակավայրի հաջողություններ և ձեռքբերումներ ունեցող երիտասարդների հետ, որն ուղեկցվել է համերգային ծրագրով։
Սևան քաղաքի «Վահե Ստեփանյանի անվան կենտրոնացված գրադարանների համակարգ» ՀՈԱԿ-ում «Նկարազարդ իրականություն» թեմայի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում Հ. Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնի երիտասարդ նկարիչների հետ։
Սևան քաղաքի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում անցկացվել է հեծանվարշավ, նույն տարածքում «Գտիր քո ռիթմը, եղիր համարձակ» թեմայի շրջանակներում երիտասարդների համար անցկացվել է բացօթյա երաժշտական միջոցառում։