Oգոստոսի 14-ից կվերականգնվի Կիևյան կամրջով երթևեկությունը
2 րոպեի ընթերցում

Երևան քաղաքում օգոստոսի 14-ից Կիևյան կամրջով երթևեկությունը կվերականգնվի և կամրջի հարակից ճանապարհահատվածներում կգործեն երթևեկության կազմակերպման նախկին կարգավորումները:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի աշխատանքների ավարտով պայմանավորված՝ տրոլեյբուսային Տ5 երթուղին օգոստոսի 14-ից կվերադառնա իր հիմնական երթուղուն։
Ավելի վաղ քաղաքապետարանը հայտնել էր, որ Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի հաշված օրերից՝ նախատեսված ժամկետից ավելի շուտ:
Կամրջի հիմնանորոգման շրջանակում իրականացված բոլոր աշխատանքների առաջնային նպատակը երթևեկության անվտանգության բարձրացումն ու քաղաքացիների համար առավել անվտանգ և հարմարավետ պայմանների ապահովումն է.
Նշվում է, որ տեղադրվել է ասֆալտբետոնե վերին շերտը, ասֆալտապատվել են երկու կողմերի մայթերը, տեղադրվել են նոր, ցինկապատ արգելափակոցներ, վերականգնվել և ներդրվել են ջրահեռացման և ջրամեկուսացման համակարգեր, վերականգնվել են դեֆորմացիոն կարերը, լուսավորության սյուներից էլեկտրական մալուխներն ապամոնտաժվել և տեղափոխվել են մայթի տակ գտնվող դիտահորեր։
Երթևեկելի հատվածի բացումից հետո կշարունակվեն կամրջի հիմնանորոգման մնացած աշխատանքները։
Կիրականացվեն հենարանների վնասված հատվածների մաքրում, քայքայված ամրանների մշակում, կամարային հատվածի վերականգնում և այլ աշխատանքներ։
Դեֆորմացիոն կարերի հատվածում օգտագործվել է պոլիմեր-բետոնային հատուկ նյութ, որը Հայաստանում կիրառվում է առաջին անգամ։ Այն նախատեսված է տրանսպորտային միջոցների անցման ժամանակ հարվածներն ու տատանումները հնարավորինս նվազեցնելու, կամրջի շահագործման անվտանգությունն ապահովելու և երթևեկությունն ավելի հարմարավետ դարձնելու համար։
Կիևյան կամուրջը երթևեկության համար փակվել էր հունիսի 17-ից։ Նախապես հայտարարվել էր, որ այն կբացվի օգոստոսի 29-ին, սակայն ավելի ուշ Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ կամուրջը երթևեկության համար կբացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ։