Քաղաքականություն

Բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործումը պետք է ապահովվի խորհրդարանական վերահսկողության միջոցով. Հայկ Ֆարմանյան

3 րոպեի ընթերցում

Բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործումը պետք է ապահովվի խորհրդարանական վերահսկողության միջոցով. Հայկ Ֆարմանյան

Պետական բյուջեն որևէ մեկի, այդ թվում՝ Կառավարության սեփականությունը չէ, և դրա արդյունավետ կառավարումը պետք է լինի բոլոր պատգամավորների ուշադրության կենտրոնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։

«Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այն եզակի հանձնաժողովներից է, որտեղ, անկախ քաղաքական տարաձայնություններից և հակասություններից, վստահ եմ, որ լինելու է կոնսենսուսային մթնոլորտ։ Կա մեկ կարմիր գիծ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն, հարկատուների վճարած գումարները։ Պետական բյուջեն որևէ մեկի սեփականությունը չէ, այդ թվում՝ Կառավարության։ Կարծում եմ՝ պետական բյուջեի կառավարման արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված ցանկացած քայլ և օրինագիծ պետք է պատասխանատվության բարձր մակարդակով ընկալվի յուրաքանչյուր պատգամավորի կողմից»,- ասաց Ֆարմանյանը։

Նա ընդգծեց, որ բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործումը պետք է ապահովվի խորհրդարանական վերահսկողության միջոցով։

«Բյուջեի յուրաքանչյուր թվի՝ միլիոնի ու միլիարդի հետևում կա հստակ հասցեատեր, և դա առաջին հերթին Հայաստանի Հանրապետության հարկատուն է։ Այդ թվերի հետևում կա քրտինք, աշխատանքի արդյունք, և մենք պարտավոր ենք ապահովել այնպիսի խորհրդարանական վերահսկողություն, որը միտված կլինի պետական բյուջեի միջոցների արդյունավետ կառավարմանը»,- նշեց թեկնածուն։

Ֆարմանյանը նաև մտահոգություն հայտնեց պետական պարտքի աճի վերաբերյալ՝ կարևորելով փոխառությունների նպատակի և դրանց օգտագործման արդյունավետության մշտական վերահսկողությունը։

«Կարծում եմ՝ խորհրդարանական վերահսկողության ընթացքում պետք է 24/7 ռեժիմով կարողանանք պատասխանել երեք հիմնական հարցի՝ ինչո՞ւ ենք վերցնում պարտքը, ո՞ր ուղղությամբ ենք այն ծախսելու և ի՞նչ է շահելու դրանից Հայաստանի Հանրապետության քաղաքացին։

Պետական պարտքն ինքնին ո՛չ լավ է, ո՛չ վատ։ Այն վատ է դառնում, երբ դրա հաշվին կատարվող ծախսերը չեն ուղղվում այնպիսի կապիտալ ծախսերի, որոնք բավարար տնտեսական աճ կապահովեն։ Եթե ընտրվեմ, սա լինելու է մեր խիստ վերահսկողության ներքո»,- ընդգծեց Ֆարմանյանը։

Թեկնածուն իր ելույթում կարևորեց նաև արդար և կանխատեսելի հարկային համակարգի ձևավորումը, մաքսային վարչարարության բարելավումը, պետական սուբսիդիաների արդյունավետության գնահատումը և տնտեսության կառուցվածքի փոփոխությունը։ Նա հավաստիացրեց, որ պատրաստ է աջակցել երկրի շահերից բխող օրինագծերին՝ անկախ դրանց հեղինակի քաղաքական պատկանելությունից։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։  

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում