Լոռիում Երեխաների պաշտպանության օրը վերածվել է մեծ տոնի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից Լոռու մարզի Թումանյան քաղաքում կազմակերպած տոնախմբությանը, որ կրել է «Բարև՛, մանկություն» խորագիրը, մասնակցել են Թումանյանի, Վանաձորի, Դսեղի, Մարցի, Քարինջի, Դեբետի և Ձորագյուղի երեխաները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի մանուկներ հիմնադրամից, օրը բազմազան է եղել, տրամադրությունը՝ տոնական. հիմնադրամի խմբակների մանկական ձեռագործ աշխատանքների ցուցադրություն, 5000 տարվա պատմություն ունեցող ազգային տարազների տաղավար, աճպարարներ, ծաղրածուներ, օճառե ծիածանագույն պղպջակներ, երգ ու պար, ասմունք ու շախմատ:

«Մեզ այսօր այստեղ հավաքեց մանկության տոնը: Մեզ համար շատ կարևոր էր, որ հնարավորինս շատ երեխաներ գային Լոռու մարզից, ուրախանային և միևնույն ժամանակ տեսնեին՝ իրենց կողքին իրենց նման շատ երեխաներ կան՝ նույնքան տաղանդավոր, խելացի և պայծառ: Սա մեզ նաև նոր վտահություն ներշնչեց, որ ոչ միայն երեխաներն են ուզում ներգրավվել, այլև համայնքների ներկայացուցիչներն են պատրաստակամ իրենց փոքրիկներին հնարավորություն տալ նոր միջավայրում հայտնվելու»,- նշել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի տնօրեն Անուշ Եդիգարյանը:

Միջոցառումն առանձնահատուկ է եղել շախմատի բլից մրցաշարով, որն անցկացրել է տոնակատարության հատուկ հյուրը՝ օլիմպիական չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը: Ու թեև չեմպիոնն անվերջ նշաձողեր է սահմանել երեխաների համար, այնուամենայնիվ, նրանցից մի քանիսի խաղը ոգևորել է գրոսմայստերին: «Հուսամ, որ այսօրվա երեխաների միջից դուրս կգան ապագա չեմպիոններ. ամեն դեպքում՝ նախադրյալներ կան, ու բավականին հետաքրքիր երեխաներ կային: Հույս ունեմ, որ չեմպիոնների հաջորդ սերունդը հենց այս երեխաների միջից է լինելու: Շա՛տ պարապեք, մի՛ ընկճվեք և հավատացեք վաղվա օրվան»,- ոգևորել է Տիգրան Պետրոսյանը:

Նա լավագույն մասնակիցներին է հանձնել իր մակագրությամբ գրքեր, որոնք մանուկներին է նվիրել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Գրքույկներ են ստացել նաև հանդիսության ամենաակտիվ մանուկները:

Երեխաների ոգևորությունն ու տրամադրությունը վարակիչ են եղել և ներշնչել են նման տոնակատարությունը դարձնելու ավանդական. «Շատ շնորհակալություն ենք հայտնում բոլոր կազմակերպիչներին և խնդրում, որ նման միջոցառումները շարունակական բնույթ կրեն»,- ասել է Մարգարիտա Շահվերդյանը: Իսկ մի խումբ թումանյանցիներ հատուկ երախտագիտություն են հայտնել երաժշտական համույթներին, որոնք իրենց ելույթներով հիացրել են քաղաքին:

Տոնական ծրագիրը եզրափակվել է Հայաստանի և Լոռու մարզի ամենահայտնի ռոք խմբերից մեկի՝ «Որդան կարմիր»-ի համերգային ծրագրով. ազգային, հայրենասիրական երգերի ռոքային կատարումները նոր ոգևորություն են բերել բոլոր մասնակիցներին: «Անհնար էր այս հրավերը չընդունել և չնվագել երեխաների տոնի կապակցությամբ: Հաճույքով ենք եկել: Ուզում ենք մենք էլ մեր ներդրումն ունենալ այս երեխաներին, այս երիտասարդությանն ուրախացնելու գործում»,- ասել է «Որդան կարմիր» ռոք խմբի մենակատար Վահան Պողոսյանը: Իսկ Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից բոլոր երեխաներին մատուցվող տոնը շարունակվելու է նաև հունիսի 3-ին՝ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում՝ արդեն Արմավիրի և Արագածոտնի երեխաների մասնակցությամբ:

Հայաստանի մանուկներ հիմնադրամն աշխատում է Արմավիրում, Արագածոտնում, հիմա արդեն նաև Լոռու մարզի մի շարք համայնքներում ևս և միտում ունի մեծացնելու այդ համայնքների քանակը:

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը