Սիրիական ԶԼՄ-ները մեկ շաբաթ շարունակ մեկնաբանել են Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումները
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ շաբաթ շարունակ սիրիական լրատվամիջոցներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և այդ առիթով ոգեկոչման միջոցառումներին:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կենտրոնական մարմնի պաշտոնական կայքից: Հեռուստատեսային և ռադիոընկերությունները, մամուլը մանրամասնորեն անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը՝ հրապարակելով հարցազրույցներ, պատմավավերագրական տեսանյութեր, հստակ ու ամբողջական պատկերներ են փոխանցել պատմական իրողությունից՝ բառացիորեն օգտագործելով «ցեղասպանություն» բառը:
Ուշադրություն է դարձվել մարտի 17-ին Սիրիայի խորհրդարանում խորհրդարանի նախագահ Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամի՝ Հայոց ցեղասպանության մասին արտասանած խոսքին և պատգամավորների մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակի հարգանքի տուրքին, ինչպես նաև ապրիլի 23-ին և 24-ին Երևանում մեկ ու կես միլիոն նահատակների սրբադասման և դրան հաջորդած արարողություններին Մուհամմադ Ջիհադ ալ Լահհամի մասնակցությանը:
Աղբյուրը նաև նշում է, որ Սիրիայի պետական ու ԲԱԱՍ կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաներ վերոնշյալ իրադարձությունը մեկնաբանել են այնպես, որ Սիրիան ընդունել է Հայոց ցեղասպանությունը՝ նկատի ունենալով, որ Սիրիայի խորհրդարանը օրենսդրական բարձրագույն գագաթն է:
Սիրիական լրատվամիջոցները դատապարտել են Թուրքիայի այժմյան կառավարությանը՝ նշելով, որ Սիրիայի ներկայիս իրավիճակը Թուրքիայի ոճրային քաղաքականության շարունակությունն է: Լրագրողներն ու հոդվածագիրները Մեծ եղեռնի դատապարտման ելույթներ են ունեցել՝ նաև նշելով Սիրիայում հայ համայնքի ստեղծագործ ներկայությունը: