ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քլոե Քարդաշյանն արտահայտել է իր հպարտությունը հայ լինելու առիթով և խոստացել չլռել 20-րդ դարասկզբի պատմական իրադարձությունների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայկական ծագումով հեռուստաաստղը գրել է իր Իստագրամի էջում: «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Գիտելիքը ուժ է: Ցեղասպանությունները, կոտորածները, մարդկանց սպանությունները նողկալի են: Մեր պարտականությունն է իրազեկել մարդկանց պատմության ընթացքում տեղի ունեցածի վերաբերյալ: Նաև մեր պարտականությունն է երբևիցե չլռել մարդկային տառապանքների և նվաստացման դեպքերի վերաբերյալ՝ անկախ իրենց ռասայական պատկանելությունից կամ հավատքից», - գրել է Քլոե Քարդաշյանը:
Հեռուստաաստղը նաև նշել է, որ լռությունը խրախուսում է ոճրագործին, և երբեք՝ զոհին: Նա նաև կոչ է արել հարգել անմար հիշողությունը նրանց, ովքեր դարձան անհերքելի ատելության զոհ:
Ապրիլի 24-ին համայն հայությունն ու նրա հետ աշխարհի առաջադեմ մարդկությունը ոգեկոչում էր Օսմանյան Թուրքիայի կողմից 1915թ. իրականացված Հայոց ցեղասպանության տարելիցը: ԱՄՆ բազմաթիվ նահանգներում ոգեկոչման արարողություններ, երթեր են տեղի ունեցել: Լոս Անջելեսում երթին 130-150 հազար մարդ է մասնակցել: