Քաղաքականություն

Հայաստանը հույս ներշնչող պետություն է, ձեր տառապանքը կարողացել եք ուժի վերածել. Յագլանդ

4 րոպեի ընթերցում

Հայաստանը հույս ներշնչող պետություն է, ձեր տառապանքը կարողացել եք ուժի վերածել. Յագլանդ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կոչ է անում համաշխարհային հանրությանն ապրումակից լինել մարդկային կորուստների ողբերգությունը կրած ազգերին ու քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման համար: Այս մասին եվրոպացի պաշտոնյան հայտարարեց Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ: «100 տարի առաջ բազմաթիվ մարդիկ զրկվեցին իրենց ներուժը իրացնելուց, հարյուր հազարավոր մարդիկ մատնվեցին աղքատության, դա միայն հայերի կորուստը չէր, նաև աշխարհի կորուստն էր: Այդ մարդկանց ձեռքբերումները, ուրախությունը երբևէ հետ ստանալ չի լինի, բայց նոր նման ողբերգությունները կանխարգելելու համար պետք է ապրումակցել նրանց, ովքեր տառապել են, ովքեր իրենց կյանքի գինն են վճարել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Յագլանդը:

Խոսելով նանսենյան անձնագրերի մասին, որոնք փրկության դուռ բացեցին նաև հայ գաղթականների համար` ԵԽ Գլխավոր քարտուղարը նշեց, որ առիթ է ունեցել նման անձնագիր տեսնել Հայ առաքելական եկեղեցու առաջնորդներից մեկի ձեռքին: «Նանսենն իմ հայրենակիցն է, ով կազմակերպեց փախստականների ազատ տեղաշարժը, ու նրան ավելի ուշ շնորհվեց Խաղաղության Նոբելյան մրցանակ:Նախ անձնագրերը տրվեցին ռուսներին, հետո հայերին, ասորիներին: Երբ հայհոգևոր առաջնորդի ձեռքին տեսա այդ անձնագիրը, հասկացա, թե որքան միամիտ և հիմար գործողություն է մարդկանց պատերազմի հետևանքով փախստական դարձնելը»,-ընդգծեց եվրոպացի պաշտոնյան:

Նրա դիտարկմամբ` այսօր էլ միջազգային հանրությունը մեծ անելիքներ ունի, բայց, ցավոք սրտի, քաղաքականությունը խանգարում է կարեկցանքին:«Պետությունները պարտավոր են կանխել էթնիկ զտումները, բայց միջազգային հանրությունը պետք է սատարի նրանց այդ հարցում»,-ասաց Յագլանդը:

Նրա խոսքով` այն, ինչ կատարվում է աշխարհում, այդ թվում` Սիրիայում, անհավատալի է: 21-րդ դարում հարյուր հազարավոր մարդիկ դաժանաբար սպանվում են, միլիոնավորները դառնում գաղթական: «Սա աղետ է, որ պետք է հնարավոր չլիներ 21-րդ դարում, անհավատալի է, այն մեր աչքի առաջ կրկնվում է:

Բոլորս ունենք պարտավորություն` պաշտպանելու անմեղ մարդկանց: Հայտնվելով այս խնդրի կիզակետում` Հայաստանը մեզ օգնում է գործել այս ուղղությամբ»,-ասաց նա:

ԵԽ գլխավոր քարտուղարը հույս հայտնեց, որ Հայաստանն ու Թուրքիան կկարողանան կրկին քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների կարգավորման համար: «Եթե կա առիթ, կոչ եմ անում այդ հնարավորությունը բաց չթողնել, Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է աջակցել այս հարցով»,-ասաց Թորբյորն Յագլանդը` հավելելով, որ եվրոպական զարգացած հասարակությունները քաղաքականապես և տնտեսապես բաց հասարակություններն են:

«Հայաստանը հույս ներշնչող պետություն է, ձեր տառապանքը կարողացել եք ուժի վերածել: Այս շաբաթ աշխարհը դա կտեսնի: Այսօր մենք հավատարմություն ենք հայտնում այն սկզբունքներին, որ պետք է պաշտպանենք անմեղ մարդկանց կյանքը, հաղթահարենք ողբերգության հետևանքները ու բացառենք դրանց կրկնությունը: Շնորահկաություն հայ հասարակությանն իր արիության համար, պարոն նախագահ, ես Ձեզ հետ եմ»,-խոսքն ավարտեց եվրոպացի պաշտոնյան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում