Հասարակական

«Հայոց ցեղասպանություն. արդարություն և ճշմարտություն». իտալական պարբերականի անդրադարձը

3 րոպեի ընթերցում

«Հայոց ցեղասպանություն. արդարություն և ճշմարտություն». իտալական պարբերականի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում լայն ճանաչում վայելող «Avvenire» պարբերականը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ հոդված է հրապարակել, որի հեղինակն է հայտնի լրագրող Դանիելե Զապալլան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Հայոց ցեղասպանություն. արդարություն և ճշմարտություն» խորագրով հոդվածում Զապալլան գրում է, որ «100 տարի անց էլ Հայոց ցեղասպանությունը շարունակում է մերժված մնալ նրանց ժառանգների կողմից, ովքեր այն իրականացրին Օսմանյան տարածքներում» և հավելում, որ թեպետ մոտ 20 երկրներ ճանաչել են ցեղասպանությունը, սակայն «այդ ողբերգությունը շարունակում է չարմատավորված մնալ միջազգային հանրության գիտակցությունում»:

Դանիելե Զապալլան նաև նշում է, որ Հայ առաքելական եկեղեցին պատրաստվում է այս տարի 1.5 միլիոն հայ նահատակների աննախադեպ սրբադասում կատարել և անդրադառնում է Ամենայն Հայոց կաթողիկոսի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ անցյալ դեկտեմբերի կոնդակին՝ մի շարք մեջբերումներ անելով կոնդակից և վերլուծելով դրանք:

Կոնդակից մեջբերելով «Արևմտյան Հայաստանում` բնօրրան մեր Հայրենիքում և Թուրքիայի հայաշատ բնակավայրերում կազմակերպված ջարդերին, սովին ու հիվանդություններին, որ իշխում էին բռնագաղթի ճանապարհներին, զոհ գնացին ազգիս մեկ և կես միլիոն զավակներ, ովքեր մահն ընդունեցին` մերժելով հավատուրացություն և ազգուրացություն» և «Մեր ժողովուրդը Տիրոջ շնորհով հառնեց մահվանից» արտահայտությունները` Դանիելե Զապալլան եզրակացնում է, որ կոնդակում զուգահեռներ են տարվում Քրիստոսի մահվան ու հարության և հայ ժողովրդի ցեղասպանության ու «հարության» միջև: Հեղինակը հավելում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն իր կոնդակում նաև երախտիքի խոսք է հղել «այն պետություններին, կազմակերպություններին և անձանց, ովքեր ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը»:

Հոդվածի վերջում Զապալլան գրում է. «Կոնդակի այս և այլ հատվածներ հիշեցնում են անցյալ հունիսին կայացած Գարեգին Բ-ի այցը Վատիկան, որը առիթ հանդիսացավ Հռոմի Ֆրանցիսկոս պապի համար` ևս մեկ անգամ ընդգծելու ողբերգությունների, ինչպիսին է Հայոց ցեղասպանությունը, էկումենիկ խորը նշանակությունը»: Նա հիշատակում է Հռոմի Պապի խոսքերը. «Տառապանքի և նահատակության էկումենիզմը հզոր կոչ են՝ վճռականությամբ և վստահությամբ ապավինելով Սուրբ Հոգուն, քայլելու եկեղեցիների միջև համերաշխության երկար ճանապարհով»:

Դանիելե Զապալլան հոդվածն ավարտում է հետևյալ խոսքերով. «2015թ. ապրիլին կայանալիք հայերի սրբադասության արարողությունն իր մեջ այժմ ավելի լայն քրիստոնեական ուղերձ է պարունակում»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում