Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ բացվեց Գյումրու Հայորդաց տունը

6 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ.թղթ.Արմենուհի Մխոյան): Գյումրիում դեկտեմբերի 4-ին մեծ հանդիսությամբ ու Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու ձեռամբ բացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության /ՀԲԸՄ/ Գյումրու Հայորդաց տունը: Մինչ Հայորդաց տան հանդիսավոր բացման համերգային ծրագրի մեկնարկը Ամենայն Հայոց կաթողիկոսն անձամբ շրջեց կենտրոնի բոլոր դասասենյակներով, ծանոթացավ կատարված աշխատանքներին և հետագա ծրագրերին:

Այս պահին արդեն Հայորդաց տունն ունի մոտ 300 սան և 10 խմբակ, սակայն, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Հայորդաց տների գրասենյակի տեսուչ Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, և՛ սաների և՛ խմբակների թիվն աճելու միտում ունի: «Ինձ համար կարևոր չէ, թե ինչքան գումար է ծախսվել, թեև դա բավական մեծ գումար է, այլ կարևոր է այն, որ այս կառույցը բացվում է վիրավոր Գյումրիում և այն, որ մանուկները դասերից հետո կարող են գալ այստեղ և ձևավորվել որպես հայ մարդ: Այստեղ անգնահատելի է ամերիկահայ բարերար, Հայաստանում չծնված ու չմեծացած Սանդրա Լայթներ-Շահինյանի բարեգործությունը, ով իր ծնողների՝ Վաղինակ ու Շուշանիկ Շահինյանների հիշատակին բացեց իր գանձանակն ու նվիրաբերեց այնքան գումար, որքան պահանջվում էր Գյումրիին ու գյումրեցիներին աջակցելու համար»,- նշեց Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:

Որպես Գյումրու «Հայորդաց տան» կառույց ծառայում է նախկին «Սպայի տուն»-ը: Շինարարական աշխատանքերը մեկնարկել էին 2000 թվականին:

«Անշուշտ, մեր հոգին ուրախ է, ու փառք ենք տալիս Աստծուն, որ վերջապես այս Հայորդաց տունն իր դռները բացեց մեր մատաղ սերնդի առջև, ովքեր այս հաստատության ներքո պետք է գան իրենց ձիրքը, տաղանդն ու շնորհները զորացնեն ու բացահայտեն: Տեսանք, թե որքան ուրախ են երեխաները, ու իրենց դեմքերի ժպիտը փոխանցվեց նաև մեզ: Վստահ ենք, որ յուրաքանչյուր գյումրեցի մուտք գործելով այս հաստատություն, պետք է ցնծություն ապրի, մենք էլ պետք է շարունակենք մեր խնամքի ու հոգածության մեջ պահել այս հաստատությունը և անհրաժեշտ բոլոր պարագաններն ապահովել իրենց ուսման ու աշխատանքի համար»,- լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Գյումրու Հայորդաց տան բացման արարողության համերգային ծրագրի ընթացքում ելույթ ունեցան հայորդաց տան խմբակների սաները, Գյումրու սիմֆոնիկ և ժողովրդական գործիքների պետական նվագախմբերը: Վեհափառ Հայրապետին ողջունեցին և շնորհակալական խոսք հայտնեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Մարզային և քաղաքային իշխանությունների ղեկավարները խոստացան՝ այսուհետ լինել նորաբաց կենտրոնի կողքին և աջակցել Հայորդաց տանը: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին իր շնորհակալական խոսքը հղեց նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

«Ավելորդ է ասել, թե ինչպիսի ուրախություն ենք այսօր ապրում: Սա տարիների երազանք է: Վեհափառ Հայրապետը դեռ իր Արարատյան թեմի Առաջնորդական փոխանորդ լինելու ժամանակվանից, նախաձեռնեց Հայորդաց տների ցանցի ստեղծումը Հայկական բարեգործական ընդհանուր միության աջակցությամբ և այդ ցանցը տարածել, և երբ 2000 թվականին, Ամենայն Հայոց Կաթողիկոս ընտրվելուց մի քանի ամիս անց այցելելով Շիրակի թեմ, Կաթողիկոսը եղավ «Պիոներների պալատում» և տեսավ տնակային վատ պայմանները, Ամենայն Հայոց կաթողիկոսի մոտ ցանկություն առաջացավ Գյումրիում ևս տեսնել Հայորդաց տուն՝ լուսավոր պայմաններով, ինչին արժանի է գյումրեցի մանուկը: Այդ նպատակի համար ընտրվեց այս կառույցը՝ ռուսական զորակայանի նախկին «Սպայի տուն»-ը, որն աննկարագրելի վատ վիճակում էր: Բավական երկար ու դժվարին գործընթաց անցանք մինչ ռուսական զորակայանն այս շենքը հանձնեց ՀՀ պաշտպանության նախարարությանը, իսկ այն սիրահոժար նվիրեց Հայ Առաքելական Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, և դրանից հետո կաթողիկոսը գտավ բարերարին, ով պատրաստակամ եղավ հոգալու այս շենքի վերակառուցման ծախսը: Աշխատանքերը երկար տևեցին, քանի որ Վեհափառ Հայրապետն այդ աշխատանքերին հետևեց իր շեշտված բծախնդրությամբ, ամեն մի սանտիմետրը ստուգելով: Անշուշտ, շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մասնակցել են այս գործընթացին, բայց նախ և առաջ Վեհափառ Հայարպետին, ում մտահաղացումն է եղել սա»,- նշեց Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ վստահեցնելով, որ ի տարբերություն Հայաստանում գործող մյուս Հայորդաց տների՝ Գյումրու Հայորդաց տունը կառանձնանա: «Սա նշանակում է, որ մյուս «Հայորդաց տներ»-ն այսուհետ պետք է «զգուշանան»: Սա լինելու է լավագույնը և լինելու է Գյումրուն հատուկ բարձր մակարդակի վրա: Ես նախապես հպարտանում եմ այն փաստով, որ 15-20 տարի անց այս Հայորդաց տան շրջանավարտերից շատերը համալրելու են հայտնի արվեստագետների ու մարզիկների շարքերը»,- ավելացրեց Շիրակի թեմի առաջնորդը:

Միջոցառումն ավարտվեց Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքով:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում