Հասարակական

Ժուռնալիստիկան պետք է լինի այն հարթակը, որի վրա կկառուցվի լավագույն ապագան. Արամ Անանյան

5 րոպեի ընթերցում

Ժուռնալիստիկան պետք է լինի այն հարթակը, որի վրա կկառուցվի լավագույն ապագան. Արամ Անանյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի գլխավոր ասամբլեան Երևանում գումարել է 7-րդ նիստը: Տարածաշրջանի առաջատար լրատվական գործակալությունների տարեկան հավաքի կազմակերպիչն «Արմենպրես» լրատվական գործակալությունն է: Նիստի բացման ժամանակ «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը շնորհակալություն հայտնեց տարածաշրջանի առաջատար գործակալությունների ներկայացուցիչներին Հայաստան այցելելու և իրենց փորձը գործընկերների հետ կիսելու համար: «Կարծում եմ, որ մեր կազմակերպությունը յուրօրինակ է: Այն քննարկման լավ հարթակ է, որտեղ յուրաքանչյուր տարի բարձրացվում են պրոբլեմատիկ հարցեր, և մենք տեսնում ենք, թե ինչպես են դրանք մեր յուրաքանչյուրի ուժերով լուծվում: Այստեղ տեսանելի են մեր աշխատանքի արդյունքները: Կարևոր է, որ Հայաստանում այս ասամբլեան անցկացվումէհենց հիմա: Ամռանը, երբ մենք հանդիպեցինք, խոսում էինք այն մասին, որ հաջորդ տարի լրանալու է Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Խոսեցինք նաև այն մասին, թե որքան կարևոր են անցյալի արժեքները լրատվության ստեղծման համար և որքան մեծէ լրատվական գործակալությունների դերը` կանխելու նման իրողությունները: Ժուռնալիստիկան պետք է լինի այն հարթակը, որի վրա կկառուցվի լավագույն ապագան»,- ասաց Անանյանը:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ նիստի մասնակից գործակալությունները մշտական կապի մեջ են միմյանց հետ և հետևում են յուրաքանչյուրի աշխատանքին: «Մենք, իհարկե, սրտացավորեն հետևում ենք միմյանց աշխատանքին և այս գործակալությունների միջև ստեղծված կամուրջներն օգնում են բոլորին հասկանալու, թե ինչ է կատարվում հարևան երկրում: Այն փորձը և գիտելիքը, որ մեզ փոխանցում են գործընկերները, շատ արժեքավոր է: Ուղիղ կապը գործընկերների հետ մեզ շատ օգնում է, քանի որ շատ թյուրըմբռնումներ կամ ճշմարտությունը չարտացոլող մեկնաբանություններ` կապված Ցեղասպանության ճանաչման կամ Արցախի հիմնախնդրի հետ մեր կողմից պարզաբանվում են գործընկերների համար: Այցելելով Հայաստան` նրանց մոտ փոխվում են պատկերացումները մեր մասին: Ի պատիվ Հայաստանի` մեր լրատվամիջոցներն այսօր ազատ են ավելի, քան երբևէ, և այդ փաստը բարձր է գնահատվում նաև նիստին ներկա գործակալություններ ղեկավարների կողմից»,- ասաց Արամ Անանյանը:

Երեւանում նոյեմբերի 25-ին անցկացվում է Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի 7-րդ նիստը: Նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ալբանիայի ազգային լրատվական գործակալությունների գլխավոր տնօրենները, ինչպես նաեւ Թուրքիայի «Անադոլու» գործակալության միջազգային լրատվության բաժնի խմբագիրը: Համաժողովին հրավիրված են նաեւ Կիպրոսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Բելառուսի լրատվական գործակալությունների տնօրենները:

Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիան (ՄԱԼԳԱ) միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է, որը միավորում է մերձսևծովյան երկրներիազգային լրատվական գործակալությունների ջանքերը նրանց տեղեկատվական ռեսուրսներն արդյունավետորեն օգտագործելու, իրենց պետությունների քաղաքական, տնտեսական, գիտականու մշակութային կյանքի կարեւորագույն հարցերի շուրջ տեղեկատվության ազատ ուիրավահավասար փոխանակման, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մասնակից երկրների տարածքում տեղեկատվության տարածման համար:

Միջազգային այս կազմակերպության անդամ են ATA-ն (Ալբանիա), «Արմենպրես»-ը (Հայաստան), «Ազերթաջ»-ը (Ադրբեջան), BTA-ն (Բուլղարիա), GHN-ը (Վրաստան), «Մոլդպրես»-ը (Մոլդովա), ՏԱՍՍ-ը (Ռուսաստան), «AGERPRES»-ը (Ռումինիա), ՏԱՆՅՈՒԳ-ը (Սերբիա), ANA-ն (Հունաստան), «Անադոլուն» (Թուրքիա), «Ուկրինֆորմ»-ը (Ուկրաինա), HINA-ն (Խորվաթիա), MIA-ն (Մակեդոնիա):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում