ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրով մայրաքաղաք այցելած երեխաներին հյուրընկալում է երևանաբնակ ընտանիքներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրի առաջին 7 փուլի ընթացքում երևանաբնակ 102 ընտանիքում հյուրընկալվել է 133 երեխա: Մինչ ծրագրի 8-րդ փուլի ավարտը`օգոստոսի 31-ը, ընտրված մյուս ընտանիքները ևս կհյուրընկալեն սփյուռքահայ երեխաներին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ծրագրի ամբողջ ընթացքում պատասխանատուները պարբերաբար այցելում են ընտանիքներ, ծանոթանում երեխաների առօրյային, նաև հուշանվեր հանձնում: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայ երեխաները, գոհունակություն հայտնելով հյուրընկալ ընտանիքներին, նշել են, որ ջերմ ընդունելության շնորհիվ Երևանում իրենց զգում են ինչպես սեփական տանը՝ իրենց ընտանիքում:
Ավանդույթի համաձայն, «Արի տուն» ծրագրի ավարտին կորոշվեն «Լավագույն վարչական շրջան» և «Լավագույն ընտանիք» անվանակարգերի հաղթողները: