Մարզային

Գյումրիում նշվեց Շառլ Ազնավուրի ծննդյան 90-ամյակը

3 րոպեի ընթերցում

Գյումրիում նշվեց Շառլ Ազնավուրի ծննդյան 90-ամյակը

ԳՅՈՒՄՐԻ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայիսի 22-ին նշվեց ֆրանսիահայ երգիչ, երգահան, կինոդերասան եւ հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 90-ամյակը: Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները սիրված երգահանին իրենց շնորհավորանքի եւ երախտիքի խոսքը հնչեցրին Գյումրու Ազնավուրի հրապարակում տեղադրված հուշարձանի մոտ: Շառլ Ազնավուրին գյումրեցիների անունից շնորհավորական ուղերձ էր հղել նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ուղերձում ասված է.»Գյումրեցիների եվ անձամբ իմ անունից ջերմորեն շնարհավորում եմ հայ ազգի մեծագույն զավակներից մեկին՝ աշխարհահռչակ շանսոնյեին, ծննդյան 90-ամյակի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երիտասարդական ուժ ու կորով եւ երկար տարիների կյանք: Տարիներ շարունակ Դուք հիացրել եք սերունդներին Ձեր ստեղծագործական փառահեղ գործունեությայամբ՝ արժանանալով գովեստի ու շնորհակալանքի անսպառ խոսքերի: Լինելով հայ ու ֆրանսիացի ժողուրդների ազնիվ զավակ՝ Դուք մեր ժամանակի մեծագույն արվեստագետներից մեկն եք, ով բարձր է պահում հայի անունն ու պատիվն աշխարհում՝ հպարտությամբ խոսելով Ձեր արմատների մասին: Սիրելի՛ Շառլ Ազնավուր, Աղետի գոտում՝ մասնավորապես Գյումրիում, Դուք ավելին եք, քան հերոսը՝ լինելով անչափ սիրված եւ միշտ սպասված, քանզի աղետալի երկրաշարժից հետո Ձեր կողմից ցուցաբերված հսկայածավալ նյութական ու բարոյական աջակցությունը մեծապես օգնեց Աղետի գոտու բնակիչներին հաղթահարել այդ դժվարագույն ժամանակները: Վերստին ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր հոբելյանի օրը եւ մաղթում առողջություն, ուժ ու կորով, երջանկություն ու նորանոր հաջողություն»:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի, տուրիզմի ու արարողակարգի բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ Գյումրին ու գյումրեցին չէին կարող ինչ-որ կերպ իր երախտիքը չհայտնել այսօր՝ 1988 թվականի երկրաշարժից հետո աղետի գոտուն հսկայական օգնություն ցույց տված մարդուն՝ ազգային հերոսին: «Սա այն չնչին բանն է, որ մենք կարող են անել` մեր երախտիքը հայտնելով մեծ մարդուն, քաղաքացուն ու արվեստագետին»,-նշեց Արմեն Հովհաննիսյանը:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում