Վլադիմիր Պուտինը խորը ցավակցություն է հայտնել Օդեսայում զոհվածների ընտանիքներին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսասատանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինն իր ցավակցությունն է հայտնել Օդեսայում զոհվածների ընտանիքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՌԴ Նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ցավոք, մենք հնարավորություն չունենք մեր ցավակցությունները պաշտոնական Կիևին հայտնելու համար, ինչպես ընդունված է միջազգային պրակտիկայում, քանի որ պաշտոնական Կիև` որպես այդպիսին, գոյություն չունի»,- ասել է Պեսկովը:
Պեսկովն ընդգծել է, որ, այնուամենայնիվ, ՌԴ Նախագահն իր ցավակցություններն է հայտնում սպանվածների և Օդեսայում ողջ-ողջ այրվածների հարազատներին` շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր նրանց, ովքեր տուժել են վերը նշված դեպքերի հետևանքով:
Ուրբաթ երեկոյան Օդեսայի Հունական թաղամասում տեղի է ունեցել բախում մի կողմից`«Անտիմայդանի» ու մյուս կողմից`«Եվրամայդանի» ակտիվիստների եւ Օդեսայի ու Խարկովի ֆուտբոլային ակումբների երկրպագուների միջեւ: Գիշերը անկարգությունները շարունակվել են Կուլիկովյան դաշտում, որտեղ եվրոպական ինտեգրման կողմնակիցները ջարդել են «Անտիմայդանի» ներկայացուցիչների ճամբարը:
Ավելի ուշ քաղաքի արհիմությունների շենքում, որտեղ թաքնվել էին ռուսական ինտեգրման կողմնակիցները, տեղի է ունեցել հրդեհ: Օդեսայում կատարվածն ավելի է սրել իրավիճակն արդեն պառակտված Ուկրաինայում: Գերտերությունները կոչ են արել Ուկրաինային պատասխանատվություն կրել սպանվածների համար եւ կանխարգելել հետագա բռնությունները: