Էրդողանը փորձում է հավասարության նշան դնել զոհի և դահճի միջև` համեմատելով զոհի վերապրած ցավը դահճի չապրած ցավի հետ. Արամ Անանյան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 23-ին առաջին անգամ հանդես է եկել ապրիլի 24-ի հետ կապված պաշտոնական հայտարարությամբ: Այս առիթով «Արմենպրես»-ը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու Արամ Անանյանի հետ:

- Պարոն Անանյան, առաջին անգամն է, որ Թուրքիայի վարչապետը ապրիլի 24-ի նախօրեին դիմում է հայ ժողովրդին: Որոշ միջազգային լրատվամիջոցներ էլ ասում են, թե Թուրքիայի վարչապետն առաջին անգամ ցավակցեց հայերին: Ինչպե՞ս կգնահատեիք Էրդողանի նման քայլը:

- Էրդողանն իր հայտարարությամբ փորձում է հավասարության նշան է դնել զոհի և դահճի միջև` համեմատելով զոհի վերապրած ցավը դահճի չապրած ցավի հետ: Թուրքիայի քաղաքական ու լրատվական իսթեբլիշմենթն ամեն ինչ անելու է տեղի ունեցածը որպես պատմական իրադարձություն ներկայացնելու համար: Իրականությունն այն է, որ գագաթնակետին է հասել Թուրքիայի վախը, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվելու է:

Պատմությունը փաստում է, որ Թուրիքայի ցուցադրական-էպատաժային քայլերը միշտ նախորդում են անշրջելի գործընթացներին: Այսինքն` տեսնելով, որ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հանցագործությունը դատապարտվելու է, թուրքական կողմը մատնվում է խուճապի, ու այս անգամ խուճապի դեմքը Էրդողանի այսօրվա հայտարարությունն է:

Գիտեք` եթե Թուրքիան իսկապես ազնիվ ու արդար լիներ իր մոտեցումներում, ոչինչ չէր խանգարի մեր հարևանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն դրա փոխարեն Թուրքիան կրկին փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը: Անկարան որևէ քայլ չի անում Օսմանյան Թուրքիայում նախապարտաստված ու իրականացված հանցագործության դատապարտման ուղղությամբ: Էրդողանի խոսքում այդ մասին որևէ բան չկա:

- Վերլուծելով Թուրքիայի վարչապետի հայտարարությունը` կարո՞ղ եք նախանշել թուրքական ժխտողականության նոր բնութագրիչները:

- Իրավացի եք` Թուրքիայի վարչապետի հայտարարությունը վկայում է, որ պաշտոնական Անկարան զարգացնում է ժխտողականության գործիքակազմը:

Թուրքիայի վարչապետը, ավելի շատ կարևորում է ոչ թե պատմական ճշմարտությունը, այլ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից խուսափելը: Հայտարարության անգամ հպանցիկ ուսումնասիրությունը վկայում է, որ պաշտոնական Անկարան ոչ մի նոր բան չի ասում: Տեղի է ունենում թուրքական արտաքին քաղաքական դոկտրինի վերաշարադրանքը`միայն համաշխարհային հանրությանը և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում շահագրգռիռ կողմերին մոլորության մեջ մտցնելու նպատակով: Հայտարարությունում օգտագործվող բառամթերքը նոր չէ, այն թուրքական ժխտողական թեզերի ամփոփ վերաշարադրանքն է: Էրդողանի վկայակոչած «ընդհանուր ցավը» թուրք քաղաքական վերնախավի ներկայացուցիչների գերակշիռ մեծամասնությունը ոչ զգում է, ոչ էլ երբևէ զգացել է: Բարոյական առումով, Էրդողանի հայտարարությունը շատ ավելի վտանգավոր է, քանի որ այն շահարկում է հայ և Օսմանյան կայսրության այլ քրիստոնյա ժողովուրդների պատմական հիշողությունը: Մնացյալի մասով՝ Էրդողանը վերաձևակերպում է թուրքական պատմագրության կողմից չարչրկված թեզերը` թե՛ պատմաբանների հանձնաժողովի, թե՛ իբր բաց արխիվների, թե իրադարձությունների ընկալման առումներով: Ամենից կարևորն այն է, որ հայտարարությունում չկա զղջում, չկա Թուրքիայի կողմից այդ գործողություններին ճշմարիտ գնահատական տալու փորձ:

- Էրդողանի հայտարարությունում նշվում է, իբր Թուրքիայում 1915-ի վերաբերյալ բազմակարծություն կա: Ո՞րն է Ձեր գնահատականը:

- Թուրքական ժխտողականությունն ունի մի մեթոդ. դա կիսաճշմարտությունների և ստի միախառնումն է: Էրդողանի հայտարարությամբ Թուրքիան որևէ հետքայլ չի անում տասնամյակներ շարունակ իր կողմից հնչեցրած դիրքորոշումից, այլ փորձում է մեր ցավի հաշվին լրացուցիչ քաղաքական դիվիդենտներ քաղել ապրիլի 24-ին ընդառաջ: Անձամբ ինձ համար որևէ տարբերություն չկա, թե այդ հայտարարությունը տեղադրված է թուրքական թերուս պատմաբանի, թե Թուրքիայի կառավարության կայքէջին` միակ տարբերությամբ, որ կառավարության կայքէջն երևի ավելի շատ ընթերցող ունի:

Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող մի խումբ մտավորականների ու պատմաբանների խիզախ մոտեցումները ո'չ Էրդողանի, ո'չ էլ նրա կառավարության ձեռբերումը չեն: Հիշենք միայն «Արդարություն ու զարգացում» կուսակցության միահեծան իշխանության տարիներին թուրքականությունը վիրավորելը քրեականացնող 301-րդ հոդվածով դատարան մտած գործերի թիվը, Հրանտ Դինքի սպանությունն ու այդ հանցագործության բացահայտման ժամանակ ի հայտ եկած սկանդալները: Սա միայն Հայոց ցեղասպանության և պատմական հիշողության մասով: Իսկ ինչպե՞ս պետք է բնութագրել երկրի ներսում ամիսներ առաջ ժողովրդավարական ընդվզման ճնշման և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին լռեցնելու, սոցիալական մեդիայի գործիքները փակելու սպառնալիքները: Մի՞թե այսպիսին է փոփոխվող Թուրքիայի սարսափած դեմքը:

Հարցազրույցը Սյունե Բարսեղյանի

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն