Աշոտ Նավասարդյանն ամեն ինչ անում էր հանուն Հայաստանի և պետության կայացման. ՀՀ վարչապետ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները՝ ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ հիմնադիր, հասարակական, քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրվա կապակցությամբ այցելեցին Եռաբլուր պանթեոն: Մեծանուն գործչի կուսակից ընկերները ծաղիկներ դրեցին Աշոտ Նավասարդյանի շիրիմին` հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:
Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշեց, որ բախտ է ունեցել Նավասարդյանի հետ աշխատել Գերագույն խորհրդում, միասին անցել են մեծ ճանապարհ: Տիգրան Սարգսյանի բնորոշմամբ՝ Աշոտ Նավասարդյանն ազնվագույն և պարկեշտ անձնավորություն էր, և այդ կարծիքը կիսում էին բոլոր քաղաքական ուժերը, անկախ նրանից՝ ընդդիմադիր էին, թե իշխանամետ: «Նրա մարդկային հատկանիշները երբևէ կասկածի տակ չէր դրվում, և բոլորը գիտեին, որ Նավասարդյանը միշտ հանդես է գալիս՝ ելնելով իր սկզբունքներից և պաշտպանելով իր գաղափարը: Նա ամեն ինչ անում էր՝ հանուն Հայաստանի և պետության կայացման»,- ՝ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Տիգրան Սարգսյանը:
Նավասարրդյանի շիրիմին էին այցելել նաև նրա ընտանիքի անդամները, Հանրապետական կուսակցության հիմնադրի անվան դպրոցի աշակերտները և այլք:
Տիգրան Սարգսյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ծաղիկներ դրեցին նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին: