Քաղաքականություն

Արամ Առաջինն ու Լահդար Իբրահիմին քննարկել են «Ժնև 2»-ին առնչվող հարցեր

3 րոպեի ընթերցում

Արամ Առաջինն ու Լահդար Իբրահիմին քննարկել են «Ժնև 2»-ին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը հանդիպել է Արաբական Լիգայի և ՄԱԿ-ի կողմից նշանակված դեսպան Լահդար Իբրահիմիին ու զրուցել «Ժնև 2»-ին քննարկվելիք հարցերի շուրջ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից, հանդիպումը տեղի է ունեցել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարի վերջին նիստի ժամանակ, որի նպատակն է «Ժնև 2»-ին ներկայացնել հոգևոր համայնքի հավաքական տեսակետը:

Կարճ հանդիպման ժամանակ Արամ Առաջինն ու Լահդար Իբրահիմին քննարկել են համագումարի ընթացքում հնչեցված հարցերը:

Վեհափառ Արամ Առաջինը նշել է, որ քրիստոնեական համայնքը նեցուկ է «Ժնև 2»-ին` հասկանալով դրա կարևորությունը թե' Սիրիայի, թե' ամբողջ աշխարհի խաղաղության հաստատման համար: Իբրահիմին էլ իր հերթին նշել է, որ սիրիական պատերազմը սկսել է սպառնալ ոչ միայն Միջին Արևելքին, այլև ողջ աշխարհին: «Այդ պատճառով անհրաժեշտ է, որ բոլոր երկրները փոխադարձ զիջումներով Սիրիան առաջնորդեն դեպի խաղաղություն: Դժբախտաբար, Սիրիային առնչվող բոլոր կողմերը չեն նպաստում սիրիական հակամարտության կարգավորմանը, այլ ընդհակառակը` նպաստում են դրա առավել խորացմանը` ունենալով հատուկ շահեր: «Ժնև 1»-ը ձախողվեց հենց այդ պատճառով: «Ժնև 2»-ը տեղի կունենա վերահաստատելու առաջին հերթին «Ժնև 1»-ի որոշումները»,-հանդիպման ժամանակ ասել է Իբրահիմին:

Նա նաև նշել է, որ վստահ չէ, որ «Ժնև 2»-ը կիրականանա, քանի որ ընդդիմադիր ուժերը, որոնք բաժանված են տարբեր թևերի, մասնակցության համար նախապայմաններ են առաջ քաշում:

Լահդար Իբրահիմին գնահատել է Արամ Առաջինի վերջին անգլերեն գիրքը, որտեղ անդրադարձ կա «Արաբական գարուն»-ին ու քրիստոնեկան համայքներին: Նա նաև հայտնել է, որ իր ընտանիքում հայ կա և գնահատանքով է անդրադարձել հայ ժողովրդին:

Համագումարից բխող ուղեցույցը հաջորդ օրը հանձնվել է Լահդար Իբրահիմիին` «Ժնև 2»-ին այն ներկայացնելու համար:

«Ժնև 2» համագումարը նախատեսված է անցկացնել հունվարի 22-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում