Ավստրալացի գիտնականները ինֆարկտից հետո հիվանդների վերականգնման արդյունավետ եղանակ են գտել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիդնեյի համալսարանից մի խումբ ավստրալացի գիտնականներ գտել են սրտամկանի ինֆարկտից հետո հիվանդների վերականգնման արագ եւ բարդություններով չուղեկցվող արդյունավետ եղանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Սրտի նոպայից անմիջապես հետո դեպի թթվածնի պակաս զգացող հյուսվածքներ են գալիս բորբոքում առաջացնող բջիջներ, որոնք վերացնում են մեռած հյուսվածքային աղբը, բայց ընդ որում վնասում են նաեւ սրտի առողջ բջիջները:
Գիտնականները նկատել են, որ եթե ինֆարկտից հետո մի քանի ժամվա ընթացքում հիվանդին ներարկեն հատուկ միկրոմասնիկներ (IMPs)՝ պատրաստված կենսատարրալուծվող պոլիմերից (այս պոլիմերից են արտադրվում վիրահատական կարերի ներծծվող թելերը), ապա տեղի Է ունենում անցանկալի բորբոքային հյուսվածքների յուրատեսակ անջատում, որոնք չեն հասնում սրտամկանին եւ ոչնչանում են, այսինքն՝ սկսում Է գործել հին իմունային բջիջների օգտահանման՝ առողջ օրգանիզմի համար սովորական մեխանիզմը:
«Սա բուժման առաջին եղանակն Է, որը կոնկրետ ուղղորդված Է դեպի ինֆարկտի պատճառով սրտամկանի վնասման հիմնական պատճառը»,- ասել Է հետազոտության հեղինակներից մեկը՝ Դենիել Գետսը: Մեր հայտնագործությունը կարող Է հանգեցնել սիրտ-անոթային հիվանդությունների բուժման արմատականորեն նոր մոտեցումների»,- ընդգծել Է Գետսը: