Հռոմի Ֆրանցիսկոս պապի քույրը հոսպիտալացվել է Արգենտինայի մայրաքաղաքում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապի քույրը՝ Մարիա Ելենա Բերգոլիոն, տեղափոխվել է Բուենոս Այրեսի հիվանդանոցներից մեկը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով հիվանդանոցի ներկայացուցիչներին:
Ինչպես նշվում է Արգենտինայի մայրաքաղաքի Hospital Britanico բժշկական կենտրոնի հրապարակած հաղորդագրության մեջ, քահանայապետի 66-ամյա քույրը հոսպիտալացվել է տակավին դեկտեմբերի 20-ին «ուրինալ ինֆեկցիա» ախտորոշմամբ: «Ներկայում նա շարունակում է մասնագիտացված բուժումը, նրա կլինիկական վիճակը կայուն է»,- ասված է բուժկենտրոնի հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերին հովվապետի քույրը հոսպիտալացվել էր արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի կապակցությամբ:
Մարիա Ելենա Բերգոլիոն Հռոմի պապի միակ ամենամոտ ազգականուհին է: Նրա երկու եղբայրները՝ Ալբերտոն եւ Օսկարը, եւ Մարթա Ռեհինա քույրը մահացել են: