Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը հանդիպել է Հռոմի Պապին և նրան հրավիրել Հայաստան
2 րոպեի ընթերցում

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Կաստել Գանդոլֆոյի առաքելական պալատում հանդիպել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։
Առանձնազրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Լևոն 14-րդին՝ Հռոմի Պապ ընտրվելու և ծննդյան 70-ամյա հոբելյանի առիթով։ Գարեգին Երկրորդը Լևոն 14-րդ Պապին հրավիրել է այցելել Հայաստան։
Ամենայն Հայոց Կաթողիկոս արձանագրել է, որ երկու Եկեղեցիների միջև եղբայրական կապերն ամրապնդվել են հանդիպումների և հավատքի համատեղ վկայությունների միջոցով՝ հիշեցնելով երջանկահիշատակ Սուրբ Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի այցելությունը Հայաստան 2001 թվականին, ապա 2016 թվականին երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապին Սուրբ Էջմիածնում հյուրընկալելու առիթը «Այց առաջին քրիստոնյա երկիր» խորագրով ուխտագնացության կապակցությամբ:
Գարեգին Երկրորդը վստահություն է հայտնել, որ երկու Եկեղեցիների հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն եղբայրական ոգով ու ջերմությամբ։
Զրույցի ընթացքում հովվապետներն անդրադարձել են նաև աշխարհում տեղ գտնող արհավիրքներին ու մտահոգիչ զարգացումներին, Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին ու դիմագրավվող փորձություններին։ Հռոմի Սրբազան Քահանայապետին են ներկայացվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հիմնախնդիրները, Լեռնային Ղարաբաղում ոչնչացման վտանգի առջև կանգնած հայ հոգևոր և մշակութային ժառանգության պահպանության, ռազմագերիների և պատանդառվածների ազատ արձակման հրամայականը։
Վատիկան այցի շրջանակներում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եղել է նաև Հռոմի Սուրբ Մարիամ բազիլիկում, ուր երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապի շիրիմի առջև աղոթել է նրա հոգու հանգստության համար։