Պաշտոնական

Հայաստանում ՏՏ բնագավառի մասնագետների նկատմամբ պահանջարկը տարեցտարի աճում է. Տիգրան Սարգսյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանում ՏՏ բնագավառի մասնագետների նկատմամբ պահանջարկը տարեցտարի աճում է. Տիգրան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում մեկնարկել է «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ-փառատոնը: Մասնակից թիմերը՝ կազմված ծրագրավորողներից 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարները և առաջարկվող ծրագրի հավելվածի նախատիպը (ցուցադրական տարբերակը):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեկտեմբերի 21-ին Տիգրան Սարգսյանն այցելել է օդանավակայան՝ զրուցել թիմերի մասնակիցների հետ և ծանոթացել նրանց նորարական գաղափարներին ու նախագծերին: Ողջունելով մրցույթի անցկացման նախաձեռնությունը կառավարության ղեկավարը շեշտել է, որ այն կնպաստի, որպեսզի երիտասարդները հետաքրքրվեն տեղեկատվական տեխնոլոգիաներով, որովհետև այդ ոլորտում մասնագետների նկատմամբ պահանջարկը տարեցտարի կտրուկ աճում է: «Մեր երկրում այս բնագավառում վերջին տարիների ընթացքում ապահովվում է կայուն աճ և տարածաշրջանում մենք զբաղեցնում ենք առաջատար դիրքեր»,- լրագրողների հետ զրույցում նշել է Տիգրան Սարգսյանը:

Մրցույթի մասնակիցները կարող են ոչ միայն կյանքի կոչել իրենց գաղափարը, ստեղծել հավելված, որը կարող է ներբեռնվել ողջ աշխարհում, այլև փորձարկել խնդիր լուծելու իրենց կարողությունները, փորձել իրագործել տարբեր գաղափարներ, ինչպես նաև ստանալ մրցանակներ, համագործակցության և ներդրումների լայն հնարավորություն:

Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, հավելվածներ կամ լուծումներ, որոնք հայաստանյան և միջազգային շուկա դուրս գալու ներուժ ունեն:

Այս տարի «Հեքըթոն[ՅԱՆ]»-ը կրում է «Թռիչք» խորագիրը,քանի որ այն հնարավորություն է տալու բազմաթիվ նոր գաղափարների և թիմերի հենց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանիցսկսել իրենց հետաքրքիր ու տպավորություններով լի առաջին ճամփորդությունը:

«Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների և ծրագրավորման ամենամյա մրցույթը նախաձեռնել են Հայաստանի «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ը, Հանրային լրագրութան ակումբը, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը՝ «Մայքրոսոֆթ» ընկերության, «Քաունթերփարթ ինթերնեշնլ»-ի հետ համագործակցությամբ:

Սիլիկոնյան հովտում սկիզբ առած այս միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի և ծրագրավորողների ու այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առաջարկել առկա խնդիրների արդյունավետ լուծումներ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում