Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն արդեն Իտալիայում է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն արդեն Իտալիայում է:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, հոկտեմբերի 14-ի առավոտյան ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չարտերային ուղիղ չվերթով մեկնել է Իտալիա, որտեղ վաղը` հոկտեմբերի 15-ին տեղի կունենա 2014 թ. աշխարհի գավաթի ընտրական փուլի հանդիպումը Իտալիայի եւ Հայաստանի ազգային հավաքականների միջեւ: Ինչպես Նեապոլից ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը, Հայաստանի ազգային հավաքականի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել: Մեր ֆուտբոլային ընտրանին հանգրվանելու է «Էքսելսիոր» հյուրանոցում: Այսօր երեկոյան Երևանի ժամանակով ժամը 20:00-ին Հայաստանի ազգային ընտրանին մարզում կանցկացնի Նեապոլի «Սան Պաոլո» մարզադաշտում, որի առաջին 15 րոպեն բաց կլինի ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզումից առաջ «Սան Պաոլո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը: