2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կոնյակի գործարանն այս տարի նախատեսում է մթերել 35 000 տ խաղող, ինչը շուրջ 10 000 տոննայով գերազանցում է անցյալ տարի մթերված խաղողի ծավալը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի բաժնից, սեպտեմբերի 9-ին մթերումը կմեկնարկի Այգավանի մասնաճյուղում (Արարատի մարզ), 10-ին` Արմավիրի մասնաճյուղում (Արմավիրի մարզ) և 17-ին` Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ): Մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 145 ՀՀ դրամ Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար և 135 դրամ Տավուշի տարածաշրջանի համար, համապատասխանաբար անցյալ տարվա 140 և 130 ՀՀ դրամի փոխարեն: Յուրաքանչյուր գյուղացի իր կողմից մատակարարված բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո երեքից-չորս բանկային օրվա ընթացքում: Ընկերության հետ համագործակցող և ապառիկ եղանակով բուժանյութեր ստացած այն խաղողգարծների պարտքերը, ում բերքը 2013թ. մայիսի 12-ին տեղացած կարկտահարության հետևանքով ամբողջությամբ վնասվել է, 100%-ով կզրոյացվեն: Նախնական հաշվարկով, Արմավիրի մարզում ԵԿԳ-ն կզիջի առավել քան 340 խաղողագործի պարտք, ինչը կազմում է մոտ 54 միլիոն ՀՀ դրամ:
2013 թվականին Երևանի կոնյակի գործարանը 906-ով ավելացրել է իր հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող խաղողագործների թիվը: ԵԿԳ-ն այս տարի ևս կավելացնի Տավուշում մթերվող խաղողի ծավալները` հասցնելով այն 4000տ-ի, այդ թվում սահմանամերձ գյուղերի համապատասխան սորտերի բերքի գրեթե 100 տոկոսը:
Այս տարի կմեկնարկի նաև ավելի վաղ հայտարարված երկակարաժամկետ պայմանագրեր կնքած խաղողագործների բերքի մթերումը: Հաշվի առնելով այս ծրագրի ռազմավարական նշանակությունը Հայասատանի խաղողագործության զարգացման հարցում` Երևանի կոնյակի գործարանը պատրաստակամություն է հայտնել մթերել նաև վերոհիշյալ ֆերմերների առաջարկվելիք և ըներության որակական չափանիշներին համապատասխանող խաղողի ողջ բերքը, եթե անգամ այն գերազանցում է պայմանագրով նախապես հաստատված ծավալը: