«Ոսկե ծիրան»-ի «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթն այս տարի որակապես առանձնանում է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ոսկե ծիրան» երեւանյան 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում արդեն չորրորդ տարին անցկացվող «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթն այս տարի ներառում է 45 ֆիլմ շուրջ 15 երկրից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 12-ին հրավիրված ասուլիսում ծրագրի համակարգող Արամ Շահբազյանը նշեց, որ այս տարի «Կորիզ»-ն որակապես առանձնանում է:

«Ժյուրին անգամ դժվարանում է որոշել, թե ում է մրցանակ տալու, քանի որ լավ ֆիլմեր շատ կան»,- ասաց Շահբազյանը: Նրա խոսքով` այս մրցութային ծրագիրն առաջին հերթին միտված է երիտասարդ ռեժիսորների մոտ դրամատուրգիական «ուժեղ» մտածողություն ձեւավորելուն:

«Հատկապես երիտասարդները պետք է գան եւ տեսնեն, թե ինչ է կատարվում աշխարհում եւ տեսնեն, թե իրենց սերնդակիցները ինչ եւ ինչպես են նկարահանում»,- ընդգծեց համակարգողը` ավելացնելով, որ ժանրային առումով մրցութային ծրագիրը բավական պահպանողական է, քանի որ ընտրված ֆիլմերը մեծամասամբ խաղարկային են, որտեղ շեշտադրվում է ռեժիսորական մոտեցումը:

«Երիտասարդները պետք է ավելի պարզ մտածեն, եւ կարեւորը այն պատմությունն է, ինչի մասին նրանք պատմում են, պետք չէ Վարդան Մամիկոնյանից սկսելով գալ մինչեւ մեր օրեր, որքան պարզ լինի պատմությունը, այնքան իրենք որպես ռեժիսոր առավել արագ կկայանան»,- ասաց ծրագրի համակարգող Լուսինե Սարգսյանը:

 Այս տարի «Կորիզում» ընդգրկված է հայ ռեժիսոր Անդրանիկ Հարությունյանի «Հեքիաթ» ֆիլմը, որը մասնագետների գնահատմամբ` մրցունակ է եւ առաջիկայում ծրագրվում է ներկայացվել միջազգային տարբեր մրցույթներում։ Հարությունյանը նշեց, որ սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմի ռեժիսուրայի բաժնի 3-րդ կուրսում եւ  «Հեքիաթ»-ը երկրորդ կուրսային աշխատանքն է:

«Ֆիլմում ներկայացնում եմ մի տարեց կնոջ պատմություն, ով իր կյանքի վերջին էտապում, հոգեվարքի մեջ գտնվելով տիկնիկից հեքիաթ է խնդրում, իր կյանքի վերջին հեքիաթը»,- պատմեց Հարությունյանը` հավելելով, որ ֆիլմի նյութի համար իրեն ոգեշնչել է սեփական տատիկի օրինակը:

«Կարծում եմ, բոլորիս կյանքում մի պահ է գալու, որ հեքիաթ ենք ցանկանալու կյանքից»,- ավելացրեց նա:

Հարությունյանն իր առաջին կուրսային «Զակատը» ֆիլմի համար 2012 թվականին «Ոսկե ծիրան» կինոփառատոնում արժանացել է խրախուսական մրցանակի:

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմում են ծագումով լեհ ֆրանսիացի պրոդյուսեր Էդիտա Յանչակ-Հիրիարտը, ով ներկայում CNC-ի լիամետրաժների բաժնում սցենարի խմբագիր է, եւ Բուրգունդիայի տարածաշրջանային կինոյի ֆոնդի ժյուրիի անդամ, սցենարիստ, էսսեիստ Պավել Ֆիննը, ինչպես նաեւ կինոլրագրող, կինոքննադատ Ստեպան Հունդիչը։

Հայերեն

ՌԴ Պետդուման օրենք է ընդունել, որն արգելում է հանցագործություն կատարած ներգաղթյալներին քաղաքացիության տրամադրումը

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

ԿԸՀ-ն ՔՊ-ի ընտրական ցուցակից 64 պատգամավորի մանդատ է տրամադրել

2027-ից կարգելվեն պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի շրջանառությունը. տնտեսվարողները մտահոգված են

Ղրղզստանի տարածքը պետական սահմանի ճշգրտումից հետո մեծացել է՝ հասնելով 20 միլիոն հեկտարի

Հութիները բոլոր նավերից պահանջել են չմտնել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներ

ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին

Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար

ԿԸՀ նիստ

Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը