ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում գերբեռնվածության պատճառով դատապարտյալները հերթով են քնում: Այդ մասին հուլիսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն՝ անդրադառնալով Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչի հետ Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ կատարած այցին: Անդրեասյանը նշեց, որ որեւէ մեկն ապահովագրված չէ մեկ օր նման իրավիճակում հայտնվելուց: «Որպես քաղաքակիրթ երկիր` մենք պետք է մարդասիրաբար մտածենք նրանց մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Անդրեասյանը:
ՄԻՊ-ի 2013-ի միջանկյալ զեկույցում արձանագրված է, որ «Նուբարաշենում» 840 պահման տեղ կա, բայց այցելության պահին 1184 կալանավոր է եղել: Խցերն ունեցել են 25 քառակուսի մետր մակերես, 10-12 մահճակալ եւ որտեղ բնակվում է 17 կալանավոր: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այդուհանդերձ Հայաստանի ազատազրկման վայրերում առաջընթաց է նկատում ԱՊՀ երկրների համանման վայրերի համեմատ: «Նախկին խորհրդային շատ պետությունների համեմատ մեր վիճակն ավելի բարվոք է, եւ դրական զարգացումներ կան»,- ասաց Անդրեասյանը: ՀՀ օմբուդսմենն առաջարկում է ցմահ դատապարտվողների տարիքային շեմը 18-ից բարձրացնել մինչեւ 21 տարեկանը:
2013-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին կից Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհուրդը Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ այցեր է իրականացրել՝ ուսումնասիրելով տարբեր ոլորտների 133 փակ եւ կիսափակ հաստատություններ (նաեւ` մանկատներ, ծերանոցներ, գիշերօթիկներ եւ այլն): Այցի արդյունքների մասին զեկույցում հատկապես խնդրահարույց է համարվում քրեակատարողական հիմնարկներում նախատեսված աշխատակիցների լրակազմի անհամապատասխանությունը պահվող անձնանց քանակին, ինչպես նաեւ դատապարտյալների եւ հիմնարկի աշխատակազմի միջեւ բացակայում է կայուն ու արդյունավետ հաղորդակցումը, ինչի մասին են վկայում ՔԿՀ-ների տարածքում արձանագրված ինքնավնասման դեպքերը: Խիստ մտահոգիչ է համարվել քրեակատարողական հիմնարկներում առկա «գողական» ենթամշակույթի տարրեր կրող անձանց արտոնյալ կարգավիճակը: Զեկույցում խոսվում է նաեւ կալանավորների օրենքով սահմանված զբոսանքի իրավունքի չապահովման եւ նրանց զբաղվածության բացակայության, ինչպես նաեւ սննդի ապահովման ու բուժսպասարկման անբավարար վիճակի: